29/01/2019 16:44
Իմ պարգևատրումների տարեկան գումարը, 8 ամսվա համար, ՊԵԿ-ից 14 միլիոն է. Անանյան
Մանրամասն պարզբանում տրվեց պարգևատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որ հրապարակման ենթակա է, որն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով պաշտպանված է, եղավ ամփոփ քննարկում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Եղավ մոտավորապես 15-20 հարցերի պատասխան։ Սա դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր», - ասաց նա։
Հարցին՝ իրավասու էին արդյոք իրեն խորհրդարան կանչելու և հարցադրումներ ներկայացնելու, նա պատասխանեց, որ իրավասության խնդիր չկա։
«Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք։ Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, քննարկել ենք։ Ընդդիմությունն էլ եթե հրավիրեր, ես կգայի», - հավաստիացրեց ՊԵԿ նախագահը։
Հաջորդ հարցին՝ կարողացա՞վ հիմնավորել պարգևավճարների մասին իր փաստարկները, Անանայանը պատասխանեց՝ նման խնդիր չկար։
«Կար պարզաբանումների խնդիր։ Ես չեմ ասելու՝ իրենք բավարարված են, թե չէ։ Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ։ Ամեն ինչ ճիշտ է կատարվել՝ օրենքի տառին համապատասխան։ 9 միլիոն պարգևատրում գոյություն չունի։ 8 միլիոն չկա, 7 միլիոն չկա, 6 միլիոն չկա։ Մեր իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչպես անենք, որպեսզի հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որի իրավական հնարավորությունը չունենք։
Պատգամավորները ևս ասացին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի», - ասաց նա՝ հավելելով, որ պագևավճարներ տված բոլոր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումներ են լինելու։
Դավիթ Անանյանը նշեց, որ հրապարակել է իր տարեկան եկամուտների հայտարարագիրը։
«23 միլիոնը բաղկացած է՝ 4.8 միլիոն ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18.5 միլիոն՝ ՊԵԿ-ից։ Առաջինը ստացել եմ 4.5 ամսվա համար, երկրորդը՝ 7.5 ամսվա համար։ 8 միլիոն չկա։ Եթե բաժանեք 7-ի, կստանաք միջինը 2.3 միլիոն։ Իմ եկամուտները ամսական 2.3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով և պարգևատրումներով։ Իմ պարգևատրումների տարեկան գումարը, 8 ամսվա համար, ՊԵԿ-ից 14 միլիոն է», - ասաց Դավիթ Անանայանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի իշխանական խմբակցությունը հրավիրել էր ՊԵԿ նախագահին՝ ներկայացնելու պարգևավճարների հանգամանքները և Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։