29/01/2019 17:20
Կարծում եմ՝ մոտ է այն օրը, որ Հայաստանն ու Արցախը կարող են ռազմաքաղաքական դաշինք կնքել. Հայկ Խանումյան
Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտության մասին վաղուց է խոսվում և դրա մասին խոսվում է Արցախում գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։
«Մասնավորապես՝ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Վիտալի Բալասանյանն ընդդիմության թեկնածուն էր, բազմաթիվ անգամներ խոսել է, այսօր էլ շատ է խոսում դրա մասին», - ասաց Հայկ Խանումյանը։
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, հիշեցնենք, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե պետք է հստակ ճանապարհային քարտեզ մշակել և գնալ այդ դաշինքի կնքմանը։
«Դաշնակցությունն իր օրակարգում դրել է ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիրը, և ես էլ կարծում եմ, որ այո՛, շատ հարցեր կան, որոնք պայմանագրային լուծում են ենթադրում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք այսօր լուծման կարիք ունեն զուտ որոշակի իրավական դաշտի բացակայության պատճառով։ Դրանք վերաբերում են թե՛ բանակում կատարվող հանցագործություններին, թե՛ այլ հարցերի», - ասաց Հայկ Խանումյանը։
Նրա խոսքով՝ ինչի մասին այսօր խոսում են Դաշնակցության ներկայացուցիչները, վաղուց կա արցախյան քաղաքական դաշտի օրակարգում և նորություն չէ։
Պատգամավորի պնդմամբ՝ ռազմաքաղաքական դաշինք ունենալու ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։
«Ընթացքը մեծապես կախված է Հայաստանի իշխանությունների կամքից», - նկատեց Խանումյանը։
Դրա անհրաժեշտությունը, պատգամավորի խոսքով, կա զուտ տեխնիկական մակարդակում.
«Այն, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, պետք է ամրագրված լինի ոչ միայն ՀՀ ռազմական դոկտրինով, այլ նաև իրավական ձևակերպում ստանա։ Մանավանդ, որ ՀՀ-ն ունի օրենք, որով թույլատրվում է նաև պայմագրեր կնքել ՀՀ-ի կողմից չճանաչված պետական կազմավորումների հետ»։
Հետևաբար, Հայկ Խանումյանը կարծում է, մոտ է այն օրը, որ Հայաստանն ու Արցախը կարող են ռազմաքաղաքական դաշինք կնքել։