29/01/2019 17:37
Դավիթ Անանյանը միակ ներկայացուցիչը չի լինելու, որի հետ քննարկումներ ենք ունենալու. Մակունց
Այո՛, ընդունում ենք, որ կա որոշակի խնդիր. մի կողմից ունենք օրենքներ, որոնք թույլ են տալիս պարգևատրումներ տրամադրել, մյուս կողմից ունենք անարդարության զգացում, որը հնչեցվեց հանրության կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայնաի հետ պարգևատրումների թեմայի քննարկմանը։
«Մենք ուզում ենք ունենալ արդյունավետ պետական համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները լուծում են ստանում։ Եթե մենք չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան։ Պետք է տեսնենք՝ որտեղ է ոսկե միջինը և ինչ նախագծերով կարող ենք կարգավորել», - ասաց նա։
Հարցին՝ ՊԵԿ նախագահը խորհրդարան էր եկել պարգևավճարների մասին բացատրություններ տալո՞ւ, թե քննարկման համար, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ դա քննարկում էր, որտեղ հնչել են տարբեր հարցեր՝ իրավիճակը հասկանալու համար։
«Այո՛, պարոն Անանյանը միակ ներկայացուցիչը չի լինելու, որի հետ մենք ունենալու ենք քննարկումներ, որովհետև եթե ուզում ենք համապարփակ լուծում, չենք կարող մեկ գերատեսչության հետ առնչվող խնդիրներով լուծումներ տալ», - նշեց նա։
Հաջորդ հարցին՝ բացի Դավիթ Անանյանից, ովքե՞ր են հրավիրվելու խորհրդարան, նա նշեց, որ առայժմ նման տեղեկություն տալ չի կարող։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ԱԺ խմբակցությունն իրավասո՞ւ է խորհրդարան հրավիրելու այս կամ այն պաշտոնյային, եթե ԱԺ արտահերթ նիստ գումարված չէ կամ հանձնաժողովի նիստ տեղի չի ունենում։ Ի պատասխան՝ Լիլիթ Մակունցը նկատեց՝ ԱԺ յուրաքանչյուր խմբակցություն կարող է դռնբաց կամ դռնփակ հանդիպումներ ունենալ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ բացի մամուլում տեղ գտած տեղեկություններից, խմբակցության իրավաբանները, տնտեսագետները, իրենց վերլուծությունների վրա հիմնվելով՝ Անանյանին այլ հարցեր ևս տվել են։
Մակունցը քննարկման այլ մանրամանսներ չներկայացրեց՝ միայն շեշտելով, որ իրենք այս պահին փորձում են հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տեսնելու, թե ինչ կարող են անել՝ իրավիճակը շտկելու համար։