29/01/2019 15:30
Ոչինչ չի բացառվում. Մնացականյանը՝ Մյունխենում Մամեդյարովի հետ հանդիպման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի հաստատում, որ Մյունխենի անվտանգության համաժողովին Նիկոլ Փաշինյանն էլ կմասնակցի։
«Ես լինելու եմ Մյունխենում, նախատեսվում է, որ իմ գործընկեր Էլմար Մամեդյարովն էլ է լինելու, ես չեմ կարող հաստատել, որ մեր վարչապետը նույնպես կլինի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով հարցին՝ կարելի՞ է սպասել Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։
Նա հիշեցրեց, որ ունեցել են Փարիզի, հետագայում նաև Դավոսի հանդիպումները, որոնք շատ էական էին։
«Մենք համանախագահների հետ խորհրդակցում ենք ինչպես շարժվել առաջ, և ոչինչ չի բացառվում, ժամկետները փորձում ենք համաձայանեցնել ու համատեղել, և բնականաբար, տեղեկացնել հանրությանը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։