29/01/2019 15:25
Ծնվել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի և դերասանուհի Անի Ղազարյանի դուստրը՝ Միշելը
Հունվարի 14-ին Երևանում լույս աշխարհ է եկել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ու դերասանուհի Անի Ղազարյանի դուստրը: 3 կիլոգրամ 200 գրամ քաշով և 50 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանակոչել են Միշել:
«Անունը միասին ենք որոշել: Ճիշտն ասած՝ երկար էինք մտածում անվան շուրջ, շատ տարբերակներ քննարկեցինք, վերջում ընտրեցինք Միշելը: Այն հատուկ որևէ մեկի պատվին չի, պարզապես երկուսս էլ Միշել Պֆայֆերին շատ ենք սիրում: Մհերն՝ ավելի շատ», - Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով մանրամասնեց Անի Ղազարյանը:
Քանի որ ամուսիններն արդեն աղջիկ ունեն, հետաքրքրվեցինք՝ սպասվա՞ծ էր աղջիկ երեխան, թե ավելի շատ ակնկալում էին որդի ունենալ:
«Մինչ սեռն իմանալը, շատ էի ուզում, որ տղա լիներ: Միշտ էլ ուզել եմ արու զավակ ունենալ: Բայց, երբ իմացա, որ աղջիկ է ծնվելու, միանգամից փոխվեց ամեն ինչ: Սկսեցի պատկերացնել ինձ՝ իմ 3 աղջիկների հետ: Այ, իսկ Մհերն ի սկզբանե աղջիկ էր ուզում», -խոստովանեց դեասանուհին:
Երեք դստրիկների մայրիկը նկատում է՝ ամեն անգամ զգացողությունները նոր ու տարբեր են, որոնք բառերով նկարագրել հնարավոր չէ: Չի թաքցնում՝ երիտասարդ մայրիկի համար դժվար է շատ ու դեռ ավելի կդժվարանա երեք երեխաների խնամքով զբաղվելը, բայց ինքն այդ դժվարություններից չի վախենում: Համոզված է՝ ամեն ինչ ճիշտ ժամանակին կհասցնի, հատկապես, որ կարևոր այդ հարցում իրեն օգնում է մայրը:
Հարցին՝ արդյոք ավագ քույրիկները չեն խանդում իրենց նոր «մրցակցին»՝ պատասխանեց.
«Համոզված էի, որ մեծ աղջիկս՝ Գոհարիկս, որն այս տարի 8 տարեկան կդառնա, չի խանդի: Չէ՞ որ նա արդեն ստաժավոր ավագ քույրիկ է: Այդպես էլ եղավ: Իսկ այ փոքրս՝ Սոֆիս, ինձ զարմացրեց: Վստահ էի, որ կխնդի, չի հասկանա, քանի որ դեռ շատ փոքր է, 2 տարեկանը չի լրացել: Բայց արի ու տես, որ մեծ քրոջը հավասար՝ ուշադիր, հոգատար ու շատ զգույշ է փոքրիկին վերաբերվում»:
Մհեր Մկրտչյանն ու Անի Ղազարյանն այս անգամ հետևում են քառասունքի խորհրդին՝ փորձելով այդկերպ զերծ պահել նորածնին տարածված վիրուսից:
«Այո, այս անգամ այնպես ստացվեց, որ քառասունք պահեցինք: Ավելի շատ՝ վիրուսների հետ կապված: Այս օրերին վտանգավոր է շատ, երբ տանը նորածին կա», - մեզ հետ զրույցը եզրափակեց Ա. Ղազարյանը:
Aysor.am-ը շնորհավորում է ռեժիսորին և դերասանուհուն, փոքրիկ Միշելին էլ մաղթում խաղաղ, առողջ ու անհոգ մանկություն: