29/01/2019 11:04
Քաղաքացին բաց նամակով դիմում է ՊԵԿ նախագահին՝ խնդրելով վերացնել քննությունների կազմակերպման գործընթացում տեղ գտած խախտումները
Aysor.am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Յուրա Մուղդուսյանը՝ խնդրելով հրապարակել ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվելու համար անցկացվող մրցույթի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին ուղղված իր բաց նամակը։
«Հարգարժան պրն. Անանյան:
Մրցույթի մասնակցել եմ առաջին անգամ: Առաջին փուլը հաղթահարելով, մասնակցել եմ մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին: Իմ աչքից չեն վրիպել մրցույթի ընթացքում տեղ գտած մի շարք խախտումներ, որոնց մասին ցանկանում եմ բարձրաձայնել:
Ներկայացնում եմ քննության ընթացքը, որի մասնակիցն եմ եղել ես: Անհայտ պատճառներով սկսվել է մոտ 1 ժամ ուշացումով: Քննասենյակում քարտուղարի կողմից ստացել եմ պատրաստի անուն ազգանունով հարցաթերթ, նախապատրաստվելը տևել է 2-4 րոպե:
Չգիտեմ ինչու, ստեղծվել էր շտապողականության մթնոլորտ և արագացվել էր քննության տեմպը, որը, բնականաբար, հավասար պայմանների կոպիտ խախտում է, ավելացրած վերը նշված 1 ժամը, որը պարզ չէ ինչ համամասնությամբ է տրամադրվել և որ արտոնություններ ունեցող մասնակիցներին:
Մասնակիցը կարող է հասկանալ հանձնաժողովի անդամների հոգնածության գործոնը, սակայն դա հիմք չէ փոխելու քննության ընթացքը, հետևաբար՝ քննության անցկացման ձևը:
Իմ և այլ մասնակիցների համար այդ գործոնը որոշիչ ազդեցություն ունեցավ: Հարցերը բոլորը տրամաբանական էին, որոշ հարցեր՝ պրակտիկ: Տարիներով աշխատողներն ունենալով աշխատանքային մեծ փորձ ու հաճախակի իրենց աշխատանքի ընթացքում առնչվելով տարբեր մասնագիտական իրավիճակների, դժվարությամբ, կամ չեն կարողանում կամ դժվարությամբ են պատասխանում տրված հարցերին, ուր մնաց միայն տեսական գիտելիքներ ունեցող դիմորդը:
Այդ հարցազրույցն ավելի շատ նման էր բլից հարցերի, որոնց պատասխանը պետք է հնչեր հարցը կարդալուց անմիջապես հետո, և անցնել հաջորդ հարցին: Բնականաբար, դա ազդում է մասնակցի հոգեբանության վրա և մասնակիցը կարող է նաև սխալ պատասխանել այն հարցին որի ճիշտ պատասխանը գիտի:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Երևի միայն նրա համար, որ ինձ բախտ է վիճակվել լինել ցուցակում վերջին քննվողներից մեկը, թե՞ այլ պատճառ կա. հուսով եմ կստանամ այդ հարցի պատասխանը ևս:
1.Որոշ մասնակիցներ ունեցել են ավելի շատ ժամանակ նախապատրաստվելու, որոշներ՝ 2-4 րոպե:
2.Հաջորդը վերաբերվում է հանպատրաստի անուն-ազգանունով տոմսերին, որի վերաբերյալ կիսում եմ բաց նամակում մասնակիցներից մեկի արտահայտած տեսակետը և ավելացնում, որ նշված կետը բացահայտ արձանագրված կանոնակարգի խախտում է: Տոմսերը պետք է կազմվեն դիմորդի ներկայությամբ համակարգչից՝ հարցերի պատահական ընտրությամբ:
3.Պարզ է,որ հարցատոմսերը կազմվել են կոնկրետ անձանց համար , և մասնակիցներից ոմանց տրամադրվել է անյպիսի հարցեր, որոնց չեր կարող պատասխանել նաև համակարգում աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցը, իսկ որոշներին՝պարզունակ:
4.Հանձնաժողովի անդամների թվաքանակի հետ կապված հաճախակի փոփոխությունները, որը գնահատման կանոնների խախտում է, բազմաթիվ դիմորդներ մասնակցելով քննությանը հավաքել են հավասար ձայներ, որտեղ բացակայել է որոշիչ ձայնը,ընդ որում 6 հոգանոց հանձնաժողովի, որը հակասում է կանոնադրությանը:
Վերոհիշյալ խախտումները, բնականաբար, որոշիչ կերպով ազդել են քննության արդյունքների վրա, գոնե այն մասով, որ ես ականատես եմ եղել և զգացել սեփական մաշկիս վրա: Վստահ իմ գիտելիքներին, ներկայանալով քննության, հիասթափվել եմ՝ տեսնելով, թե ինչպես է ոտնահարվում արժանապատվությունս, որը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, կամքի և ձգտման շնորհիվ: Ես այլ կերպ չեմ կարող որակել, քան մարդուն գնահատել իր իրական հնարավորությունների սահմաններից շատ ցածր, որը հետևանք է վերը գրվածների. դա ոչ այլ ինչ է, քան արժանապատվության ոտնահարում և նվաստացում:
Ես ՀՀ հպարտ քաղաքացի եմ և հավատում եմ նոր Հայաստանի լուսավոր ապագային, նոր բարգավաճումներին, մարդու իրավունքների և ազատությունների խստագույնս պահպանումով նոր հզոր Հայաստան կառուցելուն, որը հնարավոր է միայն մեր բոլորի միահամուռ ջանքերով, մեր լուման ներդնելով՝ փոփոխելու համար այն արմատացած արատավոր սովորույթները և երևույթները, որոնք խանգարում են և կխանգարեն ապագայում, եթե այսօր լռեմ ես և մյուսները:
ՊԵԿ ղեկավարումը վստահված է Ձեզ և վստահ եմ՝ այդ կառույցը, որը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի, գտնվում է հուսալի ձեռքերում: Կարծում եմ և հուսով եմ, Ձեր հագեցած առօրյայում ժամանակ կգտնեք և կծանոթանաք Ձեզ ուղղված նամակին: Իմ իրավունքն ու պարտականությունն է բարձրաձայնելը, և խնդրանքս, որպեսզի վերացվեն քննությունների կազմակերպման գործընթացում տեղ գտած խախտումները: Իմ և բազմաթիվ մասնակիցների իրավունքն է՝ մասնակցել օրենքին համապատասխան հավասար պայմաններով քննության անցկացմանը, նոր հանձնաժողովի կազմով և պահանջել արդարության վերականգնում: Եթե այսօր չշտկվեն առկա խնդիրները, վաղը ես, կամ ինձ նման այլոք, կրկին և կրկին խաբվելու են, որն ի վերջո բերելու է համակարգի նկատմամբ վստահությունը կորցնելուն, ինչպես հեղափոխությունից առաջ էր, երբ ՊԵԿ-ում աշխատելու համար դիմում էին միայն ծանոթ-բարեկամներ ունեցողները, կամ էլ …:
Հուսամ, որ հարցն իրոք կարևոր է Ձեզ համար և դուք նույնպես շահագրգիռ եք, որ այս լուրջ բացթողումները կարգավորվեն, որպեսզի չստեղծվեն այլ տպավորություններ: Հուսով եմ մեր ձայնը լսելի կլինի և կհայտարարվի կրկնակի մրցույթ, որը թույլ է տալիս օրենսդրությունը: Շնորհակալություն», - ասված է քաղաքացու բաց նամակում։