30/01/2019 11:57
Որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, Արցախի իշխանություններն առաջնորդվում են Արցախի Սահմանադրությամբ. Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը բացառում է, որ Բանակի օրվա առթիվ Հայաստանում իր հայտարարությունների պատճառով հնարավոր է պաշտոնանկ արվի։
«Նման խոսակցություն երբևիցե չի եղել՝ թե նախկինում, թե այսօր և, համոզված եմ, որ ապագայում չի լինելու։ Որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, ես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված անվտանգության խորհրդի քարտուղարն եմ, ես ենթարկվում եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին, երբ իմ աշխատանքներում կլինեն թերացումներ, ապա նախագահը իրավասու է, լիազորված է, ըստ օրենքի, համապատասխան որոշումներ կայացնելու Վիտալի Բալասանյանի նկատմամբ», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը։
Նա նշեց, թե չի կարող ասել՝ ՀՀ իշխանությունները Բակո Սահակյանի մոտ կբարձացնե՞ն իր պաշտոնանկության հարցը, բայց մի բան հստակ կարող է ասել՝ Արցախի իշխանությունները առաջնորդվում են Արցախի Սահմանադրությամբ։
«Ես չեմ կարող ասել՝ Հայաստանի իշխանությունները կմիջամտե՞ն, թե՞ չեն միջամտի, դա իրենց գործն է, բայց Արցախի Հանրապետության իշխանություններն առաջնորդվում են Արցախի ժողովրդի հանրաքվեով՝ ամրագրված Սահմանադրության կետին, տառին համահունչ», - նշեց նա։
Վիտալի Բալասանյանն անդրադարձավ լուրերին, ըստ որոնց, իր հրաժարականի պատճառը նաև կարող է լինել նախագահական վաղաժամ ընտրությունները և, որ ինքը, ըստ ամենայնի, կլինի քոչարյանական թեկնածուն։
«2020 թվականին Արցախի Հանրապետության թե Ազգային ժողովի, թե նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում ես դեռ չեմ կայացրել։ Եթե ես որոշեմ մասնակցել, ես որևէ մեկի թեկնածուն չեմ լինի, չեմ եղել ու չեմ լինի։ Սա ասում եմ ու փակում ենք այդ ասեկոսեների թեման», - ընդգծեց Վիտալի Բալասանյանը։