30/01/2019 23:58
Հայոց բանակը համալարվեց ՍՈՒ 30 ՍՄ կործանիչներով. պատգամավոր
Հայոց բանակը համալարվեց «խաղաղություն բերող» բազմանշակետային այս՝ ՍՈՒ 30 ՍՄ կործանիչներով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, հրապարակելով կործանիչի լուսանկար։ Նա նաև նշել է, որ պայմանագիրը (Ռուսաստանի հետ - խմբ.) ստորագրվել է, սպասենք տեղ հասնեն:
Ավելի վաղ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ին ասել էր, որ Հայաստանը շարունակում է աշխատանքը՝ ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ։
«Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք», - նշեց նա, չմանրամասնելով որևէ դետալ։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ուսումնասիրվում են բոլոր ստացվող առաջարկությունները, իսկ որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի, մատակարարման ժամկետների:
Նա չէր հերքել, որ բանակցություններ են տարվում ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման ուղղությամբ։
Դավիթ Տոնոյանն ընդգծել էր, որ «կործանիչների գնման ընտրությունն արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսատնտեսական խնդիրներ»: