30/01/2019 14:21
Պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններում ևս անմասն չեն մնացել պարգևավճարներից. Մանրամասներ
2018 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները պարգևատրվել են միայն մեկ անգամ՝ տարեվերջին, ընդ որում՝ 184 աշխատակից պարգևատրվել է հավասարաչափ՝ օրենքով սահմանված առավելագույն թույլատրելի սահմանաչափից պակաս։
Այս մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան` տեղեկացրին Առողջապահության նախարարությունից։
Պարգևատրման չափերի վերաբերյալ տեղեկատվություն Առողջապահության նախարարությունից չեն տրամադրել, վկայակոչելով «Աշխատանքային օրենսգրքի» 134-րդ և 199-րդ հոդվածները, համաձայն որի՝ վերոնշյալ տվյալը համարվում է անձնական տվյալ։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ևս եղել են տարեվերջյան պարգևատրումներ։
Այստեղ ևս, ինչպես Առողջապահոեւթյան նախարարությունում, պարգևավճարները չեն գերազանցել օրենքով սահմանված առավելագույն թույատրելի սահմանաչափը։
ՀՀ պաշտպանության նախարարությում էլ նախարարի չորս հրամանով օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է անձնակազմի դրամական պարգևատրում։
Վերոնշյալ երեք նախարարություններն էլ հարցմանը պատասխանելիս պարգևատրումների չափը չեն նշել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդարադատության նախարարությունում պարգևավճարները կազմել են դրույքաչափի 87 տոկոսը, սփյուռքի նախարարությունում դեկտեմբեր ամսվա պարգևատրումները կազմել են 6 մլն 656 հազար ՀՀ դրամ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 127 մլն դրամ։