30/01/2019 18:15
Ովքեր մեղավոր են Մհեր Եղիազարյանի գործով, պետք է պատասխանատվություն կրեն. իրավապաշտպան
Ամեն մահացության դեպքով պատշաճ, օբյեկտիվ քննության իրականացման անհրաժեշտություն կա, և այդ քննությունը կիրականացվի, Aysor.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Էվրիմ Հելի Զոմերի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է անհապաղ և համոզիչ կերպով ուսումնասիրի Haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։
Նրա խոսքով` Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն անդրադառնում է ոչ միայն Մհեր Եղիազարյանի, այլև անազատության մեջ ցանկացած անձի մահվան դեպքին։
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ եվրոպական կառույցների արձագանքը բնականոն է, և վաղ թե ուշ այն պետք է լիներ, Արթուր Սաքունցը պատասխանեց՝ իհարկե, նման արձագանք պետք է լիներ։
«Բայց պետք է հասկանալ, թե ինչով է այդ պահանջը հիմնավորված. կա արդյոք մտահոգություն, որ Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները քննություն չեն իրականացնելու։ Ես գտնում եմ, որ նման մտահոգություն չկա։ Իսկ մարդիկ, ովքեր չարչարվել են, որ այսօրվա Հայաստանը նույնականանա նախկին Հայաստանի հետ, այլ հարց է։ Շատ կարճ ժամկետում օբյեկտիվ քննությամբ ամեն ինչ կհարթվի-կպարզվի։ Ովքեր մեղավոր են ոչ պատշաճ բժշկական ապահովման և մնացած թերությունների համար, իհարկե, պետք է պատասխանատվություն կրեն», - ասաց իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցը շեշտեց՝ այս պահին Հայաստանի միջազգային վարկանիշը շատ բարձր է, իսկ թե ինչպես կդրսևորեն իշխանություններն իրենց հետագայում, դրանից էլ մեծապես կախված կլինի երկրի ապագա վարկը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի թվիթերյան էջի փոխանցմամբ՝ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիները բարձրաձայնել է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքը և այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին:
Նա նաև նշել է, որ այս գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է:
Գերմանիայի խորհրդարանի «Ձախ» խմբակցության պատգամավոր Էվրիմ Հելի Զոմերը ևս Մհեր Եղիազարյանի մահվան առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել: Նա նշել է՝ ցնցված է վերջինիս մահվան լուրից: