30/01/2019 12:05
Բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին խոսել ենք, գործում են. Ավինյանը՝ գազի գնի սուբսիդավորման մասին
Գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին խոսել ենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով գազի գնի մասով «Գազպրոմի» հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։
«Գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին խոսել ենք», - ասաց նա։
Դիտարկմանն՝ ինչի՞ հաշվին է «Գազպրոմը» մեկ տարվա ընթացքում սուբսիդավորելու գազի գինը, որպեսզի այն չբարձրանա սպառողի համար, Ավինյանն ասաց.
«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին գազի գինը սպառողի համար ձևավորվում է. այդ կոմպոնենտների և նաև օպտիմալացումների հաշվին, այդ կոմպոնենտների վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին։ Կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ օպտիմալացումը հնարավոր է», - ասաց փոխվարչապետը։
Ճշտող հարցին՝ չկա՞ մտավախություն, որ տարվա կեսից «Գազպրոմն» այլևս սուբսիդավորում չի իրականացնի և գազի գինը կբարձրանա սպառողի համար, թե՞ կա պայմանավորվածություն, որ սուբսիդավորումը մեկ տարի է տևելու, Ավինյանն ասաց.
«Բանակցություններն ընթացքի մեջ են։ Ընթացքից հստակ պարզ կլինի, հենց նոր տեղեկատվություն լինի, հասարակությանը կտեղեկացնենք»։