30/01/2019 17:33
«Պարտեզում» կրակոցների գործով հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այդ մասին տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՔԿ խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Այո՛, «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների գործով ի թիվս այլ անձանց հետ, հարցաքննվել է նաև Ծառուկյանի որդին», - ասաց ՔԿ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Շշի Մելո» մականվամբ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում հունվարի 29-ին հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով մեկ անձ մահացել էր, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի պարկուճներ, ինչը հիմք է տալիս ասելու, որ օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։