30/01/2019 14:44
Բոլթոնը կարող է 22 անգամ փորձել, վերջում հասականալ, որ ոչ մի բան չի ստացվում. քաղաքագետ
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը զանգել է որևէ մեկին՝ իր խնդիրները ներկայացնելու. թող ներկայացնի։ Եթե Արցախյան հակամարտության մյուս երկու կողմերը այդ խնդիրներին չեն տիրապետում, այդ երկուսի հետ չի խոսելու, նրանց մոտեցումները չի կիսելու, որևէ բան չի փոխվելու, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի խորհրդականի թվիթերյան գրառմանը, որով վերջինս տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է Արցախի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը։
Հիշեցնենք, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան օրերս հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես վերջինս տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջում, Բոլթոնի հետ զրույցի ընթացքում Արցախյան հիմնախնդրին անդրադարձ չի կատարվել։
Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ կարելի՞ է ենթադրել, որ Միացյալ Նահանգներն այլևս հարկ չի համարում հարցը քննարկել հայկական կողմի հետ։
Թևան Պողոսյանը նախ նշեց՝ չգիտի՝ հարցին հումորով, թե լուրջ պատասխանել։ Այնուամենայնիվ, հարցին նախ հումորային պատասխան տվեց.
«Երևի հասկացել են, որ Ադրբեջանը պետք է գնա զիջումների, զանգում, խնդրում է՝ «ախպեր ջան, դե զիջի էլի էդ ամեն ինչը»։ Իսկ եթե լուրջ, Արցախյան հակամարտությունով զբաղվող միակ լեգիտիմ ինստիտուտը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Միացյալ Նահանգները, իր շահերից դրդված, փորձում է գործողություններ կատարել։ Ամերիկան ու Ադրբեջանն ունեն հարաբերություններ», - ասաց նա։
Դիտարկմանը, որ ԱՄՆ-ը համանախագահ երկիր է հանդիսանում, Թևան Պողոսյանն արձագանքեց.
«Շատ լավ է, Ռուսաստանն էլ է համանախագահ, Ֆրանսիան էլ, և մենք շատ ժամանակ տեսել ենք, որ որևէ երկիր փորձել է ավելի ակտիվ դեր խաղալ։ Այդպիսի ժամանակներ եղել են Քի Վեսթում, Սոչիում, Կազանում։ Ինչ-որ մի բան էլ, կարող է, ցանկանում են անել, բայց մի կողմի հետ աշխատելով՝ դա չի լինելու։ Այնպես որ, այս գործընթացին պետք է հանգիստ վերաբերվել։ Իրենք ինչ ուզում են՝ անեն, մենք մեր շահերը պետք է տանենք առաջ»։
Հարցին՝ վտանգ չի՞ տեսնում, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ միակողմանի քննարկումներ է իրականացնում, քաղաքագետը պատասխանեց՝ վտանգն ամեն օր մեր առաջնագծում է, և այն հայ զինվորն է չեզոքացնում։
«Վտանգն ամեն օր տնտեսությունում է, մեր ունակություններում՝ միշտ լինել ավելի ուժեղ, քան Ադրբեջանը։ Եթե մենք ամուր կանգնենք մեր ոտքերի վրա, հաղթելու ենք։ Նույն Բոլթոնը կարող է 22 անգամ փորձել, վերջում հասականա, որ ոչ մի բան չի ստացվում։ Կարող է՝ զանգել է Փաշինյանին, իր ուզածը չի ստացվել, հիմա զանգում է Ադրբեջանին, փորձում ինտրիգների ենթարկել։ Եթե մենք փայլուն պատկերացնում ենք մեր խնդիրները և շահերը, պետք է զբաղվենք այդ շահերն առաջ տանելով՝ մեր տնտեսությունը զարգացնենք, ուժեղացնենք մեր բանակը և ամեն բան առաջ տանենք այնպես, որ որևէ մեկը, եթե նույնիկս փորձի մեր վրայով անցնել, ուրիշ երկրների հետ հարցեր քննարկել, չհաջողի, իսկ մենք կարողանանք հաջողել», - ասաց Թևան Պողոսյանը։