30/01/2019 17:19
Ոստիկանության պարագայում ունենալ նախարարություն, նշանակում է, որ այդ կառույցը կուսակցականացվելու է. Փաշինյան
Միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն վերածելու հարցին:
«Բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնել է: Ոստիկանության պարագայում ունենալ նախարարություն, նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար, դրանից բխում է, որ այդ կառույցներն ուղղակիորեն, թե անուղղակիորեն կուսակցականացվելու են», - ասաց նա:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը նկատեց, որ համաձայն է՝ կառավարությանն առընթեր մարմինները խորհրդարանական վերահսկողության ներքո պիտի լինեն:
Խոսելով նախարարությունների միավորումից՝ վարչապետն ասաց, որ այս պրոցեսը հնարավորինս անցնցում է փորձ արվում կյանքի կոչել: Փաշինյանը նաև նշեց, որ սուպերվարչապետության համակարգի բալանսավորմանը պիտի գնալ:
«Այն, ինչ ասել ենք հեղափոխության հարթակից, մեր արժեքներն ու սկզբունքներն են, այնպես չէ, որ կառավարական կարգավիճակների ենք հասել ու հետ ենք շրջելու», - ասաց նա՝ ընդգծելով, որ դրա համար ժամանակ է հարկավոր: