30/01/2019 23:18
Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրվեց Կարեն Ղազարյանը. կառավարման խորհրդի կազմում են Ռուբեն Բաբայանն ու Հրաչյա Պողոսյանը
Մարզահամերգային համալիրի տնօրեն է ընտրվել «Շարմ հոլդինգ»-ի տնօրեն Կարեն Ղազարյանը, Aysor.am-ն այդ մասին տեղեկացավ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր առավոտյան 11-ին սկսվեց և ժամը 20:00-ին-ին ավարտվեց Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։ Շնորհավորում եմ պարոն Ղազարյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք։
Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ նաև բոլոր թեկնածուներին մրցակցության և հրաշալի գաղափարների համար»,-գրառման մեջ նշել է Նարեկ Բաբայանը:
Կարեն Ղազարյանը ևս սոցցանցի իր էջում անդրադարձել է նոր գործունեությանը՝ շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին ու նախագահին:
«Շնորհակալություն Հանձաժողովի նախագահին և հանձնաժողովի անդամներին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը վստահելու համար: Իմ աշխատանքով և նվիրվածությամբ կծառայեմ ՄՀՀ-ի հետագա զարգացմանը և հանրահռչակմանը», - գրել է նորընտիր տնօրենը: