31/01/2019 14:37
2019-ին սպասում եմ մամուլի հանդեպ լուրջ ճնշումների. իշխանությունը քննադատություն չի հանդուրժում. Աղասի Ենոքյան
Լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների, խոսքի ազատության ոտնահարումների, իշխանության կողմից իր հասցեին հնչող քննադատությունների անհանդուրժողականության մասին Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:
- Պարոն Ենոքյան, երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրեց 2018 թվականի զեկույցը, որի համաձայն՝ 2018 թվականին 2017-ի համեմատ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի աճ է նկատվել: Ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը:
- Դա հիմնականում կապված էր ապրիլյան իրադարձությունների ժամանակ լրագրողների հանդեպ բռնությունների հետ: Այս առումով առանձնացված են հեղափոխական և հետհեղափոխական իրավիճակները, բայց երբ նայում ենք գումարային համեմատության մեջ, 2017 թվականին առանձնապես իրադարձություններ չեն եղել և այդ առումով բռնությունների դեպքեր ավելի քիչ են եղել:
- Զեկույցում նշվում է, որ հետընտրական շրջանում իրավապահ մարմիններն անօրինական այցեր են կատարել Aysor.am-ի, News.am-ի խմբագրություններ, իսկ օրերս Դավոսում վարչապետը հայտարարում էր, որ ՀՀ-ում մամուլը դեռ երբեք այսքան ազատ չի եղել, ինչպես այսօր, բայց այսօր էլ ԱԱԾ է կանչվել Բլոգնյուզ կայքի ղեկավարը: Սա չի՞ նշանակում, որ այսօր մամուլի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ իշխանությունների համար այն դառնում է ոչ ցանկալի:
- Իմ կարծիքով կոռեկտ չէ, երբ վարչապետը գնահատում է երկրի մամուլը: Այն պետք է գնահատեն ընթերցողն ու մամուլի աշխատողը: Հիմա մամուլի նկատմամբ սկսվել է յուրօրինակ արշավանք դեռ տարվա սկզբից: Ամեն ինչ սկսվեց խաշի դեպքի հետ կապված նյութի հրապարակմամբ (լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ մինչև նոր ԱԺ-ն կսկսի իր աշխատանքները, «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը խաշի սեղանի շուրջ տեղի կունենա, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան և կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոնթանան՝ Aysor.am): Իշխանությունն անընդհատ փորձում է մամուլի ազատությունը սահմանափակել: Բլոգնյուզի հետ կապված դեպքն էլ այդ շրջանակներում է: ԱԺ փոխնախագահը նույնպես մի առիթով նշել է, որ մամուլն իրենց դեմ սկսել է արշավանք: Ես կարծում եմ, որ սա կոռեկտ չէ նրանց կողմից, որովհետև մամուլը պարտավոր է իշխանություններին պահել ուշադրության կենտրոնում, իշխանությունների հանդեպ իր քննադատական վերաբերմունքը ցույց տալ:
- Կարո՞ղ ենք պնդել, որ իշխանությունները իրենց նկատմամբ տեղեկատվական արշավի մասին են խոսում, որովհետև նրանց դուր չի գալիս իրենց հասցեին հնչող քննադատությունը:
- Անկախ Հայաստանում մամուլը միշտ էլ այդպիսի դիրքորոշում է ունեցել: Մամուլը ինչո՞ւ պետք է գովի իշխանություններին: Եթե իշխանությունները լավ են աշխատում, դրա դիմաց աշխատավարձ են ստանում, մամուլի գովեստի կարիքը չունեն: Մամուլն անդրադառնում է այն դեպքերին, երբ կան խնդիրներ: Դա մամուլի պարտականությունն է, ու կարծում եմ, որ սա իշխանությունների սխալ մոտեցումն է: Ցավալին այն է, որ այս իշխանությունների զգալի մասը նախկինում եղել են լրագրող ու չգիտես ինչի, մոռացել են, թե իրենք ինչպես են աշխատել կամ իրենց թվում է, թե իրենք լրիվ նոր որակի իշխանություններ են, որոնք անքննելի են, անձեռնմխելի: Այո, կարող ենք պնդել, որ իշխանությունները չեն հանդուրժում քննադատություն: Սա նաև նրանից է, որ իշխանություններն այսօր ավելի զգայուն են մամուլի նմատմամբ: Պարզապես նախկինում շատ դեպքերում իշխանությունները բանի տեղ չէին դնում մամուլի հրապարակումները:
- Զեկույցի վերջում նշված է, որ 2018 թվականին ՀՀ առցանց մամուլը բարելավվել է իր դիրքերը՝ մասամբ ազատից դասվելով ազատի շարքում: Սա թույլ տալի՞ս է պնդել, որ 2019-ին խոսքի ազատության առումով այլ պատկեր կունենանք:
- Մի կողմից պնդում են, որ ճնշումները մամուլի վրա 2018-ին ավելացել են, մյուս կողմից ասում են, որ մասամբ ազատից դարձել է ազատ: Այդ պնդումներն ինձ համար մի քիչ անհասկանալի են, բայց ես բազմիցս ասել եմ, որ 2019-ին ես սպասում եմ մամուլի հանդեպ լուրջ ճնշումների, որովհետև իշխանությունները քննադատություն չեն հանդուրժում, քննադատող մի օղակին՝ ընդդիմությանն իրենք վերացրին, մյուս օղակը՝ մամուլը մնաց ու հիմա պիտի սահմանափակեն մամուլի ազատությունը: