31/01/2019 15:28
Անի Սամսոնյանը՝ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Անի Սամսոնյանի թեկնածությունը։ Վերջինն արդեն առաջին հարկից տեղափոխվել է ԱԺ նոր մասնաշենքի լուսավոր, ընդարձակ սենյակներից մեկը։ Նկատենք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն ամբողջությամբ դեռ ձևավորված չեն, դրանց կազմը հայտնի չէ։ Հայտնի են միայն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները։
Անի Սամսոնյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։
«Շատերն են ասում, թե հեղափոխությունից հետո այլևս պետք չէ պաշտպանել մարդու իրավունքները, քանի որ կա մի ուժ, որը չի խախտելու այդ իրավունքները։ Չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած իշխանության դեպքում աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունը դեռ ակտուալ է», - ասաց Սամսոնյանը՝ բացատրելով՝ ինչու է համաձայնել առաջարկված պաշտոնին։
ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
Նկատենք, որ 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկին և նաև ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ակտիվ հակամարտության մեջ էին։
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորի կարծիքով, քաղաքական տարաձայնություններն իրեն չեն խանգարի աշխատել այս հանձնաժողովում՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ։
«Մենք քաղաքական ուժ ենք, որը ունի նաև մտահոգություններ և միգուցե քաղաքական դիրքորոշումների կոնֆլիկտ ունենա այլ ուժերի հետ։ Բայց դա երբեք մեզ չի խանգարել համագործակցել նաև այդ ուժերի հետ», - ասաց Սամսոնյանը։