31/01/2019 15:21
Աղքատ երկրում չինովնիկի ճոխ կյանքն ընդունելի չէ. Քաղաքագետը՝ պարգևավճարների մասին
Պարգևավճարները մարդկային բարոյականությանն են դեմ, որովհետև մեր ժողովրդի մեջ խորը արմատ ունի արդարության գիտակցումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը
«Լսելով պարգևավճարներ նշանակածների կամ դրանից օգտվողների մեկնաբանությունները, կարող եմ ասել, որ սա կոռուպցիոն սխեմա է։ Անընդունելի է ինչ-որ հոդաբաշխ խոսքերով արդարացումներ անելը։ Աղքատ երկրում չինովնիկի ճոխ կյանքն ընդունելի չէ», -ասաց Լևոն Շիրինյանը։
Քաղաքագետի պնդմամբ՝ պետք է ընկալել, որ 2018 թվականի մայիսի 2-ից առաջ ընդունված օրենքները լեգիտիմություն չունեն, քանի որ, ըստ նրա, հենց այդ օրը համամարդկային ընդվզում եղավ ոչ թե և ոչ միայն Սերժ Սարգսյանի դեմ, այլ՝ ռեժիմի դեմ.
«Այսինքն՝ հայ ժողովուրդը ոչ միայն քաղաքական համակարգն է մերժել, այլ նաև՝ բարոյական սկզբունքները»։
Քաղաքագետը, ով, իր խոսքով, միշտ էլ հեղափոխության կողմնակիցն է եղել և շարունակում է լինել, զգուշացնում է.
«Այս բոլորն իշխանության լեգիտիմության կորստի հետ կապ ունի, թող զգուշանան։ Լեգիտիմության կորուստը բերում է իշխանության քայքայմանը՝ մանավանդ խորհրդարանական պետության մեջ։ Ժողովրդի գիտակցության մեջ ցնցում է, թե այս ինչ ճոխություններ են թույլ տալիս իրենց։ Ուրեմն՝ հեղափոխությունն արեցին, վազեցին լցվեցին Ազգային ժողով, որ լավ Նոր տարի անե՞ն»։
Մինչդեռ, ըստ Շիրինյանի, եթե երկիրն աղքատացել է նախորդ իշխանությունների կառավարման հետևանքով, նոր իշխանությունն էլ եկել է, որ հաստատի նոր բարոյականություն, և աղքատության դեմ պայքարի՝ առաջին հերթին ինքը զուսպ լինելով.
«Դե ես էլ ասում եմ, որ եթե բժիշկներին շատ չվարձատրեք, դանակի տակ կթողնեն վիրահատվողներին, եթե դասախոսներին չեք վճարում, նրանք էլ անգրագետ ուսանողներ կպատրաստեն։ Սա ի՞նչ սպառնալիք է, բարձրացնենք աշխատավարձերը, որ կոռուպցիայով չզբաղվե՞ն։ Սերժ Սարգսյանն այդպես արեց, դատավորների աշխատավարձերը դարձրեց ահռելի թվեր, և այսօր մենք դատական համակարգ չունենք։ Ունենք Սահմանադրական դատարան, որի յուրաքանչյուր անդամն ակադեմիկոսից մի քանի անգամ բարձր թոշակ է ստանում։ Այս աշխատավարձերի անհասկանալի վիճակով տնտեսական հեղափոխություն հնարավոր չէ»։
Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ այս ամենից ողբերգություն չպետք է սարքել, կառավարությունը պետք է սրանից հետևություն անի։
«Եթե քաղաքական համակարգը չես կարգավորում, տնտեսական հեղափոխության արդյունավետությունը մեծ լինել չի կարող», -եզրափակեց Լևոն Շիրինյանը։