31/01/2019 14:07
Ֆինանսների փոխնախարարի խոսքերը վիրավորական էին և փաստաբանի մասնագիտության, և ինստիտուտի համար. Նիկոլայ Բաղդասարյան
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի ընտրած բառերը հաջող չեն եղել, ինչ-որ տեղ վիրավորական են եղել և փաստաբանի մասնագիտության, և ինստիտուտի համար, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած այն հարցադրմանը, թե ազգովի պետք է սուբսիդավորե՞նք հանցագործներին։
Հիշեցնենք՝ Արման Պողոսյանը քննարկման ժամանակ հայտարարել էր, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, այդ հարկային բեռից բոլորն են օգտվելու՝ այդ թվում՝ հանցագործները։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին հակադարձել էր, որ ցավալի է, երբ պաշտոնատար անձը մեղադրվող անձին հանցագործ է անվանում. «Դա արդեն իսկ լուրջ վերաբերմունք է և լուրջ պիտակավորում է»։
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, փոխնախարարի կողմից ընտրված բառերն անհաջող են եղել։ «Երբ նա համեմատում էր, որ փաստաբանները պաշտպանում են բացառապես հանցագործներին, դա ճիշտ չէր», - ասաց մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը։
Հարցին՝ կարծո՞ւմ է, որ փաստաբանական հանրույթը պետք է արձագանքի նմանօրինակ դեպքերին, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ժամանակին նման ձևակերպում հնչեցրել էր նաև գեներալ Մանվել Գրիգորյանը, սակայն ձևակերպումը պատշաճ արձագանք չէր գտել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից։
«Այս պահին, եթե պատշաճ արձագանք է տվել, դա շատ դրական է, բացասական ոչ մի բան իր ասածի մեջ չեմ տեսնում», - նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Պատգամավորից նաև հետաքրքրվեցինք՝ ինչ հետևություններ պետք է անեն պաշտոնյաները նմանօրինակ հայտարարություններ հնչեցնելուց հետո։ Ի պատասխան՝ վերջինս նկատեց՝ հետևություններ անողը պետք է լինի տվյալ պաշտոնյայի վերադասը։
«Կոռեկտությունից ելնելով՝ ես չեմ կարող նման հետևություն անել։ Հետևություններ կարող եմ անել իմ աշխատողի, օգնականի, պատգամավորների, մեր խմբակցության խոսքերից, բայց ոչ՝ նախարարի տեղակալի գործողություններից», - ասաց նա։