31/01/2019 08:51
ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի գործով Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բարոյական և նյութական վնասի պահանջ ներկայացնելուց
Հունվարի 15-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։
Այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռեւս 2010 թ. ապրիլի 1-ին, իսկ հետագայում՝ մինչև 2011 թ. ապրիլի 27-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) լրացումներ են կատարվել բողոքների ծավալում և կից ներկայացված ապացույցների կազմում։ Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Վահե Գրիգորյանը:
ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր՝ 20.02.2008թ.-ից մինչև 01.03.2008թ․-ը բողոքի քաղաքական ցույցերի և երթերի ժամանակ իր քաղաքական ելույթների, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով և գործունեությամբ։ Հետապնդումներն ու իր դատապարտումը երակարաժամկետ ազատազրկման հիմնված չի եղել որևէ նվազագույն ապացուցողական շեմ բավարարող փաստակազմի վրա, իրականացվել է փաստերի խեղաթյուրմամբ և իրավունքի սխալ մեկնաբանություններով։ Ի վերջո, իր դեմ հետապնդումները և իր դատապարտումն իր հիմքում ունեցել է բացառապես քաղաքական մոտիվացիա և նպատակ է հետապնդել արգելակել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունն և, միաժամանակ, պատժել իրեն նման գործունեության և համահունչ հայացների արտահայտման համար։
ՄԻԵԴ-ը կառավարությանն առաջադրել է հետևյալ 2 հարցերը (ինչն անուղղակիորեն նշանակում է, որ սույն գործի քննությունը տեղի է ունենալու այս հարցադրումների շրջանակում)․
1․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ կալանքը (12.10.2009թ․-ից մինչև 19.01.2010թ․-ը) համատեղելի է եղել ՄԻԵԿ 5 § 1 հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ նրա նկատմամբ կամայականություններից և անօրինական կալանքից պաշտպանության պահանջին։
2․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ և նրա դատապարտմամբ չեն խախտվել ՄԻԵԿ 10 և 11 հոդվածներով նախատեսված դիմողի ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների իրավունքները։
Քանի որ դիմողն առ այսօր այս մասին որևէ հրապարակում չի կատարել, և, նկատի ունենալով, որ հարցը հանրային կարևորության և ուշադրության դաշտում է, ապա տեղեկացնեմ նաև, որ դիմողի (նրա Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո, 22.06.2018թ․-ին) հետ խորհրդակցելուց հետո, նա խնդրել էր իր դիրքորոշումը փոխանցել ՄԻԵԴ-ին, համաձայն որի․
- Դիմողը հրաժարվել է իր դիմումով բողոքների շրջանակներում իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի, ինչպես նաև՝ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որևէ պահանջ ներկայացնելուց․
- Արդարացի փոխհատուցման որևէ պահանջ չի ներկայացվելու նաև գործի քննության հետագա փուլերում՝ համարելով, որ իր գործով ՄԻԵԴ կողմից արդարադատության իրականացումը և ճշմարտության վերհանումը նա դիտարկելու է որպես իր դեմ ապօրինի հետապնդումների և երկարաժամկետ ազատազրկմամբ պատճառված բարոյական և նյութական վնասի ամբողջական հատուցում․
- Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը և արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի և մարդու իրավունքների և ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին։