31/01/2019 17:51
Ես քնում ու արթնանում էի իմ հերոսների հետ, ապրում նրանց կյանքով. «Խոստովանություն» ֆիլմը սցենարիստ Հարություն Ղուկասյանի ռեժիսորական դեբյուտն է լինելու
Սցենարիստ Հարություն Ղուկասյանը որոշել է ուժերը փորձել նաև ռեժիսուրայի ասպարեզում: Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում նշեց վերջինս՝ նման մտահղացում վաղուց է ունեցել, սակայն այն չիրականացնելու որոշակի պատճառներ կային:
«Վաղուց գաղափար կար սեփական սցենարի հիման վրա ֆիլմ նկարահանելու: Սակայն, ինչ-որ բան միշտ խանգարում էր: Նաև, չէի գտնում այն թեման, որը կցանկանայի ինքս նկարահանել: Հիմա սցենարն ամբողջովին պատրաստ է: Գրել եմ ֆանտաստիկ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մեկ շաբաթ: Կան գաղափարներ, որոնք ծնվում են ու սկսում ապրել իրենց սեփական կյանքով: Հանգիստ չեն տալիս, անդադար մտքիդ մեջ են: Հասկանում ես, որ պետք է դուրս թողնես քեզնից, հանձնես թղթին: Այդպես եղավ այս պարագայում: Ես քնում ու արթնանում էի իմ հերոսների հետ, ապրում նրանց կյանքով: Իմ կարծիքով, սցենարը ստացվել է: Ամբողջ ֆիլմը նկարահանվելու է մեկ լոկացիայում, այսինքն՝ մեկ տարածքում հավաքվելու են տասը հերոսներ, որոնց շուրջ զարգանալու են դրամատիկ իրադարձությունները», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ ո՞րն է հիմնական պատճառը, որ որոշեց իր իսկ ստեղծած պատմությունների գեղագիտությունն էլ անձամբ որոշել ու էկրակավորել, ու չկա արդյոք մտավախություն, որ ռեժիսորական դեբյուտը կարող է ձախողվել, պատասխանեց.
«Ես շատ տաղանդավոր ռեժիսիորների հետ եմ աշխատել: Մասնավորապես՝ Ռոման Մուշեղյանի, բազմաթիվ համատեղ պրոյեկտներ ենք իրականացրել: Նա միշտ կարողացել է սցենարական մտահաղացումը լավագույնս ներկայացնի, իհարկե՝ իր ռեժիսորական յուրահատուկ լուծումներով ու մոտեցումներով: Սակայն, միշտ ցանկացել եմ ինքս նկարահանել իմ սցենարներից մեկը, գործընթացին հետևել ներսից, կառավարել այն, զգալ ռիթմը, էներգետիկան: Սա, իհարկե, չի նշանակում, որ այսուհետ ես նկարահանելու եմ իմ բոլոր ֆիլմերը: Սա պարզապես նոր, հետաքրքիր փորձառություն է ինձ համար, որը, կարծում եմ, ժամանակ առ ժամանակ կկիրառեմ… Ինչ վերաբերում է ձախողվելուն, իհարկե, կա նման մտավախություն: Միայն ինքնավստահ հիմարի մոտ կարող է բացարձակ վստահություն լինել, թե իր մոտ ամեն ինչ կստացվի: Հուսամ, սպասումներս կարդարացնեմ ու ամոթով չեմ մնա նախ և առաջ ինքս իմ առջև: Ես իմ ամենախիստ քննադատն եմ»:
Ֆիլմը կոչվելու է «Խոստովանություն»: Սցենարիստ-ռեժիսորը վստահ է՝ թե՛ ժանրով, թե՛ մատուցման եղանակով այն յուրահատուկ է լինելու: Իսկ հարցին՝ թե հանդիսատեսն ի՞նչ խոստովանություն է իր համար բացահայտելու՝ ժպիտով պատասխանեց.
«Փակագծեր բացել չեմ ուզում, թող անկնկալ լինի: Միայն կասեմ, որ ֆիլմը կառուցված է խոստովանության գաղափարի շուրջ՝ արդյոք անկեղծ ենք մեր կողակիցների, հարազատների, ընկերների, և որ ամենակարևորն է՝ ինքներս մեր առջև: Թե՞ բարեկեցության, սրտացավության, հոգատարության, լավ հարաբերությունների շղարշի տակ մենք փորձում ենք թաքցնել մեր իրական մղումներն ու ցանկությունները, որոնք երբեմն սարսափեցնում են: Հենց այդ պատճառով էլ մենք խնամքով թաքցնում ենք դրանք… Ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսը մտորելու շատ բան է ունենալու: Վստահ եմ՝ ոչ-ոք անտարբեր չի մնա: Ժանրով այն դրամա է, թրիլլեր և նորարարություն՝ հայկական կինոարտադրության մեջ»:
Ֆիլմում ներգրավված են լինելու թվով 10 դերասան: Սակայն դերակատարները դեռևս ընտրված չեն:
«Ֆիլմի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ բոլորը պետք է լինեն նույն տարիքային խմբի: Դրանից էլ կախված է դերասանների ընտրությունը: Այդ առումով դեռ հստակ որոշում չկա, չնայած մի քանի դերերի համար ես ունեմ նախնտրած դերասաններ, որոնց անունները հիմա չեմ տա, քանի որ նույնիսկ նրանք դեռ չգիտեն այդ մասին: Ամեն ինչ իր ժամանակին», - ընդգծեց սցենարիստը:
Հարություն Ղուկասյանը խոստանում է՝ նկարահանումները շուտով կսկսվեն ու եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն՝ 2019-ին «Խոստովանությունը» էկրան կբարձրանա:
Անդրադառնալով ֆինանսական ներդրումներին՝ նկատեց՝ ֆինանսական միջոցները ներդրվելու են գործընկեր կինոարտադրող ընկերություններից մեկի կողմից, որի անունը դեռևս չի հրապարակի:
«Երբ ամեն ինչ հստակեցվի, մենք կհայտնենք: Սա համատեղ պրոյեկտ է լինելու, հնարավոր է՝ արտասահմանյան կինոընկերություններից մեկի մասնակցությամբ: Բանակցություններն ընթացքի մեջ են», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հարություն Ղուկասյանը: