31/01/2019 16:04
«Լեգեոներների լիմիտը հիմարություն է». Աբրահամ Խաշմանյանի հայտարարությունն ու ֆուտբոլիստների բուռն արձագանքները
Հայկական ֆուտբոլում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է լեգեոներների լիմիտ մտցնելու հարցը: Թեմայի շուրջ կրքերը թեժացան այն բանից հետո, երբ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը լեգեոներների լիմիտի վերաբերյալ կարծիք էր հայտնել՝ նշելով, թե «Լեգեոներների լիմիտը հիմարություն է»։
Աբրահամ Խաշմանյանին արձագանքել են Հայաստանի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ։
«Խաշմանյանին կասեմ, որ խոսելու ժամանակ լինի կոռեկտ ու հարգալից մարդկանց կարծիքները լսելիս, հակառակ դեպքում, իրեն կլինի շատ չոր ու ավելի բովանդակալից պատասխան... Երբ առողջ քննարկումներ են գնում, ու ինչ-որ մեկն իրեն իրավունք է վերապահում մարդկանց առողջ բանավեճն ու քննարկումներն անվանել հիմարություն, ուրեմն առաջին հիմարն այդ տեսակ մարդն է, ով իրենից ու իր քթից այնկողմ այս կյանքում ոչինչ չի տեսնում...
Քո կարծիքը մենք լսեցինք, ու մեզ մինչ այդ էլ պարզ էր, որ դու այս կարծիքին էլ լինելու ես, որովհետև, չեմ կարծում, որ դու շատ ես ցավում մեր հայկական ֆուտբոլի զարգացման համար», - Facebook-յան իր էջում գրել է Էդգար Մալաքյանը։
«Արարատի» գլխավոր մարզչին պատասխանել է նաև Գոռ Մալաքյանը։
«Խաշմանյանն ասում է, որ հիմարություն է լեգեոներների լիմիտ մտցնելը: Երբ մարդ ինտելեկտով ցածր է, սեփական շահից ու սեփական կարծիքից այն կողմ չի տեսնում և չի լսում մնացածի կարծիքն ու տեսանկյունը, կարծում եմ՝ դա է ճիշտ հիմարությունը: Ամեն ոք կարող է ասել իր կարծիքը այս հարցի շուրջ և ընդհանուր բանավեճի ու կարծիքների փոխանակումից կկայացվի ճիշտ որոշում հանուն մեր ֆուտբոլի զարգացմանը: Իհարկե, մեզ՝ ֆուտբոլային ասպարեզում գտնվող մարդկանց հայտնի է, թե որն է իր կողմից ասված «հիմարություն է լեգեոներների լիմիտ սահմանելը» պատճառը: Փակագծերն այս պահին բացելու կարիք չեմ տեսնում: Կոչ եմ անում լինել ուշադիր և հարգալից կարծիք ասելիս հետագա անախորժություններից խուսափելու համար», - Facebook-յան իր էջում գրել է Գոռ Մալաքյանը։
Աբրահամ Խաշմանյանի հայտարարությունն անտարբեր չի թողել նաև Էդգար Մանուչարյանին։
«Մենք բոլորս մեր կարծիքն ենք հայտնում` ի օգուտ մեր ֆուտբոլի: Կարծիքներ, որոնք կփրկեն մեր ֆուտբոլը, մեր երիտասարդ սերնդին: Բայց մարդիկ կան, հանձինս Աբրահամի, ովքեր ոչ միայն չեն հարգում ֆուտբոլիստների , հանրության կարծիքներն ու գաղափարները, այլև իրենց վերապահում են վիրավորել՝ անվանելով հիմարություն այն մարդկանց կարծիքներն ու գաղափարները, ովքեր ի սրտե ուզում են ինչ-որ բանով փոխել հայկական ֆուտբոլը անկումից ,դրանով ցածրացնելով իրենք իրենց: Չեմ կարծում, որ ինքը անհանգստացած է հայկական ֆուտբոլի ապագայով: Ես կողմ եմ, որ լինի դիսկուսիա ու ամեն մեկը իրա կարծիքը հայտնի: Եվ ըստ կարծիքների կարելի է ընտրել լավագույն տարբերակը, որը մեր ֆուտբոլը կտանի դեպի լավը», - հայտարարել է Էդգար Մանուչարյանը։
Թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնել նաև Գևորգ Ղազարյանը։
«Ուզում եմ մի բանի մասին խոսեմ, որը իմ կարծիքով պրոբլեմ է դարձել հայկական ֆուտբոլի համար. մեր երկրում չկա սահմանափակում օտարերկրացի ֆուտբոլիստբերի նկատմամբ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ ինձ հետ համամիտ են: Մենք մի անգամ չէ, որ այս թեմայով խոսել ենք. դա շատ լուրջ խնդիր է. օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է մեր թիմերում ու ավելանում ֆուտբոլիստների պակասը, ովքեր պետք է հայկական ֆուտբոլի ապագան լինեն։ Որակապես լավ լեգեոներները կարևոր են յուրաքանչյուր առաջնությունում, բայց կարծում եմ պետք է լինի սահմանափակում ` հնարավորություն տալով հայերին դրսևորելու իրենց ունակությունները համապատասխան որակյալ փորձի փոխանակում ապահովելու նպատակով», - նշել է Գևորգ Ղազարյանը։
Ֆուտբոլիստների արձագանքից հետո Աբրահամ Խաշմանյանը ևս մեկ անգամ անդրադարձել է թեմային։