31/01/2019 18:00
804 մլն 548 հազար ՀՀ դրամ. այսքան է ֆինանսների նախարարության 2018 թվականի պարգևատրման ֆոնդը
Սկսած 2000 թվականից յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների խրախուսման համար նախատեսված է եղել պարգևատրման ֆոնդ, որն ամսական կամ եռամսյակային կտրվածքով բաշխվել է նախարարության աշխատակիցներին, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից։
«ՀՀ ֆինանսների նախարարության 2018 թվականի բյուջեով նախատեսված է եղել 804 մլն 548 հազար ՀՀ դրամի չափով պարգևատրման ֆոնդ», - հայտնեցին նախարարությունից։
Ինչ վերաբերում է պարգևատրման կարգադրությունների և պարգևատրման չափերի վերաբերյալ տեղեկատվությանը, ապա նախարարությունից այն չեն տրամադրել, նշելով, որ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:
Այսպիսով՝ ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ 2018 թվականի տարեվերջին նախարարության 408 աշխատակիցի տրվել է պարգևատրում՝ 210 մլն 38 հազար դրամի չափով։