01/02/2019 15:27
Պարույր Հայրիկյանը դեմ չէ Վարդան Սեդրակյանի ներմանը, բայց մի պայմանով. նախագահի թեկնածուի դեմ մահափորձից 6 տարի է անցել
Հունվարի 31-ին լրացավ 2013թ.-ին ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի 6 տարին։
Պատահարից հետո առողջության վերականգնման, մահափորձը պատվիրելու համար մեղադրված Վարդան Սեդրակյանի ու ներքին քաղաքականության մասին Aysor.am-ը զրուցեց ԱԻՄ առաջնորդի հետ։
- Պարոն Հայրիկյան, Ձեր դեմ մահափորձից 6 տարի անց՝ ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը, դեռ անցնու՞մ եք հետազոտություններ։
- Շնորհակալ եմ, որ հիշեցրիք։ Ես մոռացել էի, որ հենց այս օրն է տեղի ունեցել։ Հանուն ճշմարտության ասեմ, որ փորձում եմ հաղթահարել հետևանքները։ Հիմնականում ցրտի կամ մրսածության դեպքում են ցավերը զգացնել տալիս այդ դեպքը։ Աջ թևս իր բնականոն վիճակից զգալի թույլ է, բայց մշտապես մարզում եմ և ընդհանուր առմամբ ինձ վատ չեմ զգում։
Այդ ուղղությամբ որևէ նոր հետազոտություններ չեմ անցկացնում, որովհետև Բելգիայում վերջին հետազոտության ժամանակ բժիշկներն ասացին, որ ներվի վերականգնումն ավարտված է և այն, ինչի հասել ենք, սահմանն է։ Սակայն բարեկամներ ու ընկերներ ունեմ, որոնք հավատում են, որ կարող եմ ավելիին հասնել և ինձ ապահովում են բացառիկ վիտամինային միջոցներով և ես մենակ չեմ։
Այս գործի հետ բավական ուշագրավ է, որ մեր բազում «քաղաքագետներից» և վերլուծաբաններից որևէ մեկը չունեցավ քաջություն խորապես վերլուծելու այդ մահափորձը՝ նրա պատճառները և նպատակները։ Լավագույն դեպքում մի քանի պարզունակ, կարող եմ ասել՝ էժանագին հայտարարություններ հնչեցին և փորձեցին մոռացության մատնել։ Մինչդեռ եղածն աննախադեպ երևույթ էր մեր իրականության մեջ և քիչ հանդիպող՝ աշխարհում։
- Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո հայտարարվեց համաներում, վերանայվում են մի շարք դատական գործեր։ Այս կոնտեքստում, ինչպե՞ս եք գնահատում Ձեր դեմ մահափորձի պատվիրման համար դատապարտված Վարդան Սեդրակյանի շուրջ իրավիճակը և, որ վերջինս բաց նամակով դիմել էր վարչապետին՝ բարձրաձայնելով, թե «ինչու՞ է ինքը մինչև հիմա բանտում»։
- Տեղյակ եմ, որ այդ բնույթի բան արվել էր իր կողմից։ Նա փորձել էր լկտիաբար շարունակել «մահափորձ չի եղել» սադրանքային ուղեգիծը, որը ժամանակին շրջանառության մեջ էր դրել Բորդյուժան (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար- Aysor.am) և լայն տարածման էին արժանացրել գաղտնի գործակալներն ու բազմաթիվ հայ սրիկաներ։
Ի պատասխան դրա` իմ ընկերներն ու բարեկամները համացանցում տեղադրել էին «Ազատության» այն օրերին պատրաստած «Հայրիկյանի մեկ օրը» տեսանյութը, որից հետո ձեր նշած անձը նոր բնույթի նյութ տարածեց արդեն ոչ թե «մահափորձ չի եղել», այլ՝ «ես այդ մահափորձի հետ կապ չունեմ» շեշտադրումով։ Ես այդ որակի էակների հետ խնդիր չունեմ։ Կրակոցն իմ դեմ չէր, այլ՝ հայության։ Ինչպես Մխիթար Սպարապետին սպանողները ոչ թե նրան էին սպանում, այլ գործում էին հայկական պետականության գաղափարի դեմ։
Անձամբ ես դեմ չեմ դրանց ներելուն, բայց միայն այն բանից հետո, երբ իրենց հարազատների վրա կրակելու համար ներողամտություն կդրսևորեն նաև այս կարգի այլ հանցագործների զոհերի հարազատները։
Այս առումով ուշագրավ է, որ հանցագործության պատճառով ինձ հատկացված վնասի փոխհատուցումը դատարանով արդեն հանցագործ ճանաչված անձանցից ստանալու բնական իրավունքից, չգիտես ինչու, խուսափեցին և′ նախորդ, և′ ներկա իշխանությունները։
Գործում կա փաստ, որ 100 հազար դոլար գումար է ստացվել «մոսկովյան գործարարից» և համացանցում նույն «գործարարը» գլխավոր «հերոսի» կնոջից հետ էր պահանջում 1,5 միլիոն դոլար, սակայն մեր Ֆինանսների նախարարությունը չկամեցավ դատական կարգով նույն անձանցից հետ ստանալ իմ վիրահատությունների համար հատկացված 43 հազար դոլարը։
Սա նշանակում էր որ և′ Սերժը, և′ Նիկոլը հանցագործների անուղղակի հովանավորություն ստանձնեցին։
- Հետևու՞մ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին և ի՞նչ նկատառումներ ունեք։
- Բնականաբար, հետևում եմ Հայաստանի, ընդհանրապես, քաղաքական կյանքին։ Ինչպես իմ ողջ գործունեության ընթացքում, իսկ ես ազգային քաղաքական կյանքում պատասխանատու դիրքերում եմ եղել 1968 թ.-ից (այսինքն՝ կես դարից ավելի), այժմ էլ փորձում եմ նախ և առաջ ուժերս և ժամանակս հատկացնել ռազմավարական նպատակներին։
Մարտավարական խնդիրների համար հազարավոր գործիչներ ու «գործիչներ» կան։
Որևէ նկատառում չունեմ, իսկ առաջնահերթ մեր ազգային խնդիրն եմ համարում, Նիկոլի խոսքով ասած՝ «Սերժի հագով կարած» Սահմանադրությունից շուտափույթ ազատվելը և դեռևս 2014 թ.-ին մեր ներկայացրած բացարձակ ժողովրդավարության Սահմանադրության ընդունումը։
Այդ հարցում համախոհներ ունեցել ենք դեռևս 10 տարի առաջ (վեց կուսակցություն) և ունենք նաև այժմ։ Այսինքն այդ հարցը լուծելու ենք սահմանադրական համագործակցությամբ՝ առաջիկայում սամեն ինչ տեսանելի կլինի բոլորի համար։
Կարևորագույն հարցերից է նաև արտաքին քաղաքականության ազգային և քաղաքակրթական ռազմավարության որդեգրումը, ինչպես նաև ազգային արժեքային համակարգի նկատմամբ հարգելի վերաբեմունքի դրսևորումը։ Այդ ամենի մասին, սակայն, այլ առիթով։