01/02/2019 12:12
Շիրակի մարզում ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարի պատճառները դեռ անհայտ են
2018թ. դեկտեմբերի 4-ին ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու գործով քննությունը շարունակվում է, Aysor.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Ավելի վաղ քննչական խմբի կողմից մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։
Մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2018թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։
Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։