01/02/2019 18:46
0038 հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է ամաչել. Ռոբերտ Քոչարյանը դատարանում 2 ժամ ելույթ է ունեցել
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Նիստում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր, սակայն, նիստը չի ավարտվել և կշարունակվի փետրվարի 4-ին։
Նրա փաստաբան Հայկ Ալումյանը դահլիճից դուրս գալուց հետո տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում, որը տևել է 2 ժամ, մանրամասն ներկայացրել է 2008-ի փետրվարի 23-ից հետո ստեղծված իրավիճակը։
«Մասնավորապես ներկայացրեց, որ բավականին շատ տեղեկատվություն էր ստացվում այն մասին, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարներին, աշխատանքներ են տարվել, որ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը միանա ցուցարարներին, բացի այդ ԵԿՄ-ում խմորումներ են սկսվել, որ նրանք էլ միանան ցուցարարներին։ Ստեղծված իրավիճակում ինքը ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որպեսզի վերջինն ապահովի բանակի չեզոքությունը։ Ցուցում է տվել, այսինքն՝ ասել է գնացեք այնպես արեք, որ բանակը այդ պրոցեսներին չխառնվի, պաշտպանության նախարարին էլ ասվել է, որ ինքը ապահովի այդ ամենը», - փոխանցեց Ալումյանը՝ նշելով, որ դա եղել է բանավոր ցուցում։
Նշենք, որ այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ևս այս գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։
Ըստ փաստաբանի՝ Պաշտպանության նախարարի 0038 հրամանին, որը քրեական գործի նյութերում որպես ապացույց է համարվում, անդրադարձ եղել է։
«Պարոն Քոչարյանն իր ելույթում ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որևէ արտառոց բան չկա։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը և նման մյուս հրամանները ոչ իր, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա», - բնշեց փաստաբանը։
Հարցին, թե ստացվում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա է բարդվում մեղքը՝ հրաման ստորագրելու ու դրա մասին չտեղեկացնելու համար, Ալումյանը պատասխանեց. «Նշված հրամանը իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որի համար կարելի է պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ նույնիսկ նախատել։ Չկա այդպիսի դրույթ։ Այդ հրամանի մասին ձեզ բացարձակ ապատեղեկացրել են։ Այդ հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է թեկուզ ամաչել։ Այդ հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա»։
Նրա խոսքով, այս պահին նախաքննություն իրականացնող իրավապահ մարմնի՝ ՀՔԾ-ի գործողություններից չեն ստացել տպավորություն, թե նրանք փորձում են պարզել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքները։
«Մինչև հիմա չեմ տեսել, չեմ զգացել, որ ՀՔԾ-ն 10 զհոերի սպանության հանգամանքների շուրջ լուրջ քննություն իրականացնի», -նկատեց Ալումյանը։
Անդրադառնալով բանակին կրակելու հրաման տալու մասին հարցին, փաստաբանը վկայակոչեց ԶՈւ գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանի հայտարարությունը և ասաց. «Գործող պաշտոնյան այս գործերի մեջ խառը չի չէ՞ բայց ինքն էլ է ասում, ոբանակին կրակելու հրաման չի տրվել»։