01/02/2019 14:33
Եթե ԱԱԾ-ն դառնա նախարարություն, վտանգ կա, որ այն կքաղաքականացվի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելով վտանգ կա, որ այն կքաղաքականացվի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման։ Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ուզում եմ ասել, որ ամեն դեպքում, նախարարը քաղաքական պաշտոն է։ Եթե ԱԱԾ նախարարը լինի քաղաքական գործիչ ու զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է, ուզի թե չուզի, առաջ տանել իրենց քաղաքական ուժի... Քաղաքականացվելու է», - ասաց Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ այս դեպքում ստացվում է բանակը քաղաքակա՞ն է, ԱԱԾ տնօերնն արձագանքեց.
«Բանակը նախարար ունի, բայց ունի նաև Գլխավոր շտաբի պետ, որը որևէ կապ չունի քաղաքականության հետ ու իրականացնում է զորքի անմիջական ղեկավարումը»:
Անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հաշվետվողականությանը՝ Վանեցյանը նշեց, որ «վերացված է այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին»:
«Գոնե վերջին 10 ամիսներին չկա մեկ դեպք, որ մենք չենք պատասխանել որևէ հարցի, եթե այդ հարցը չի պարունակում պետական գաղտնիք»,- ասաց ԱԱԾ տնօրենը։