01/02/2019 17:14
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մեծ հույսեր, ցավոք, չենք կարող ունենալ. Փաշինյան
Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար, այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով ՀՀ խորհրդարանում ունեցած իր ելույթը.
«Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես հույս ունեի, որ այս հայտարարության նման հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի ու Ղարաբաղի ժողովրդի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ կա բանակցային գործընթացում.
«Քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը։ Ես ուզում եմ արձանագրել, որ նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել։ Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացքում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։