04/02/2019 14:54
Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել ու 3 պահանջ ներկայացրել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը արդեն 6-րդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպելու պահանջով, Aysor.am-ին փոխանցում են Վաղարշակի հարազատները։
Նրա պահանջները, սակայն, միայն նախարարին տեսնելով չեն սահմանափակվում: Ցմահ դատապարտյալը պահանջում է նաև իր վերաբերյալ քրեական գործի վերաբացում ու մամուլի ասուլիս լրատվամիջոցների հետ։
ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից Aysor.am-ին հաստատեցին հացադուլի մասին և նշեցին, որ հունվարի 30-ից հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը բժիշկների հսկողության տակ է։
Վաղարշակի հարազատները նաև նշում են, որ արդեն 6 օր է հացադուլ հայտարարած դատապարտյալին տեսակցության չեն այցելել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ.-ի մարտի 16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար:
Նա մինչև դատավճռի հրապարակումը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Այդ օրերին Վաղարշակ Ավետիսյանը 106 օր պահվել է ոստիկանությունում և նրա հարազատների պնդմամբ՝ ենթարկվել դաժան ծեծի, խոշտանգումների։