04/02/2019 17:08
Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը. ռեժիսորն անդրդվելի է
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին ուղղված կոչով, այդ մասին տեղեկանում ենք Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքի էջից:
«Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը և նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռևս գոյություն ունեցող նախարարության և կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ առաջ խոսեցի մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ։ Ըստ փոխնախարարի` մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ Հովհաննես Գալստյանը, հակառակը, պնդում է, որ նախարարությունն իր մեծ պատասխանատվությունն ունի։
Հացադուլը հարցի լուծում չէ։ Որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոչ եմ անում Հովհաննեսին` դադարեցնել հացադուլը, իսկ մշակույթի նախարարությանն ու կինոարտադրողների ազգային ասոցիացիային` չհրաժարվել սեփական պատասխանատվության չափից և սկսել եռակողմ բանակցություններ։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստ է դառնալ այդ քննարկումների հարթակը»,- գրել է ԱԺ պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկվանից, ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, անժամկետ հացադուլ է վերսկսել կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը:
Ռեժիսորի պահանջն է՝ վերսկսել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ Ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։
Ռեժիսորը հացադուլ էր հայտարարել նաև նախորդ տարվա դեկտեմբեր ամսին՝ այն դադարեցնելով միայն 10-րդ օրը՝ այն ժամանակվա Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի այցելությունից հետո: Aysor.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը տեղեկացրել էր, որ «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի ֆինանսավորումը վերականգնվել է և Կինոկենտրոնը կինոնախագծին հատկացվող 65 միլիոն դրամից 55 միլիոնը կփոխանցի տարեսկզբին, ինչն էլ հնարավորություն կտա ավարտին հասցնել նկարահանումները:
«Իհարկե, շատ կցանկանայինք, որ ֆիլմն էկրան բարձրանար փետրվարին, բայց քանի որ կա պայմանավորվածություն, ու գումարի առաջին մասնաբաժինը դեռ չենք ստացել, ապա, հավանաբար, չենք հասցնի: Հնարավոր ամեն ինչ կանենք, որ ֆիլմն էկրան բարձրանա ամենաուշը 2020 թվականի մայիս ամսին. Պետք է մինչև ամառ ավարտենք հայաստանյան նկարահանումները, աշնանը՝ Բուլղարիայի, հետարտադրական ընթացքն էլ լինելու է ձմռանը՝ Գերմանիայում: Այնուհետև կսկվսի ֆիլմի փառատոնային կյանքը»,-մանրամասնել էր ռեժիսորը: