04/02/2019 12:34
Հայ-իրանական հարաբերություններում որևէ առաջընթաց չկա. Փաշինյանի այցը կնպաստի մի շարք խնդիրների լուծմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցն իսկապես շատ կարևոր է, որովհետև զգացվում է, որ հայ-իրանական հարաբերություններում այս պահի դրությամբ որևէ առաջընթաց չկա։ Ակնկալվում է, որ այցը կնպաստի մի շարք խնդիրների լուծմանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
«Այս այցը մենք վաղուց էինք ակնկալում։ Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, Իրանի կողմից շնորհավորական ուղերձ հնչեց, և վերջինիս հրավիրեցին Իրան։ Կարելի է ասել, որ այս այցին մենք սպասում էինք դեռ մայիսից, անգամ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն էր հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի վարչապետի այցն է կայանալու։
Բայց այցը ձգձգվեց. հիմնական պատճառը, կարծում եմ, կայանում էր նրանում, որ հարևան երկրում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Իրականական կողմը, թերևս, խնդրել էր մի փոքր հետաձգել Հայաստանի վարչապետի այցն Իրան։ Ի վերջո, Փաշինյան-Ռոհանի առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին Նյու Յորքում։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այդ հանդիպման ժամանակ կրկին վերահաստատեց հրավերը», - հշեցրեց իրանագետը։
Գոհար Իսկանդարյանի խոսքով, հայ-իրանական հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, սակայն երկու երկրների՝ հատկապես տնտեսական բլոկի հարաբերությունների շարժիչ ուժը մնում է էներգետիկան է։
«Կարծում եմ՝ էներգետիկ ոլորտի շրջանակներում կրկին քննարկումներ են լինելու։ Քննարկումը հատկապես պետք է ծավալվի 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտի, դրա բացման և շահագործման շուրջ։ Կարծում եմ՝ այնուամենայնիվ, պետք է անդրադարձ կատարվի նաև Մեղրու ՀԷԿ-ին, որի պարագայում փաստաթղթային գործընթացներն ամբողջովին կատարված են, դիվանագետներն իրենց անելիքներն արել են, բայց գործընթացն առաջ չի գնում։ Պետք է որ անդրադառնան նաև Հայաստանն Իրանի համար տարանցիկ երկիր դարձնելու հնարավորությունը, որպեսզի իրանական բեռները կարողանան Եվրոպա հասնել Հայաստանի տարածքով», - ասաց իրանագետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: