05/02/2019 16:23
Բժշկական համալսարանում սկանդալի հերոս դարձած Վանեսյանը մինչ այս պահը չի ներկայացել հարցաքննության. ՔԿ
«Նուբարաշեն» հոգեկան առողջության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը նախորդ տարեվերջին հայտնվել էր խոշոր սկանդալի կենտրոնում, այժմ որպես վկա է անցնում խարդախության փաստի առթիվ հարուցված քրեական գործով։
Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ «Իջևան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը իրեն այդ հիվանդանոցում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայության պետ Նաիրա Հարությունյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ հունվարի 8-ին ոստիկանությունը նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցած քրեական գործը ներկայացրել է ՀՀ Քննչական կոմիտե։
Նրա խոսքով, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով՝ «խոշոր չափերով խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»։
Ըստ աղբյուրի, կատարվում է նախաքննություն։ Նշենք, որ «Իջևան» ԲԿ-ի նախկին տնօրենը Նարեկ Վանեսյանն էր։
Հարցին, թե արդյոք Վանեսյանն անցնում է մեղադրյալ, Հարությունյանը պատասխանեց, որ հունվարի 16-ին նրան ծանուցագիր է ուղարկվել որպես վկա նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ, սակայն մինչ այս պահը նա չի ներկայացել։
Նկատենք, որ առողջապահության նախարարի նշանակվելուց հետո Վանեսյանը նշանակվեց «Նուբարաշեն» հոգեկան առողջության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում։ Նա առավել հայտնի դարձավ Երևանի պետական բժշկական համալսարանում նախորդ տարի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպով, երբ նախկին պաշտոնյան անհավասարակշիռ պահվածք էր դրսևորել։ Դրանից հետո առողջապահության նախարարի հրամանով Վանեսյանն ազատվել էր պաշտոնից։