05/02/2019 14:27
Մեզ համար խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական. Հայրապետյանը՝ Եվրանեսթում ԱԺ պատվիրակության աշխատանքների մասին
Մեր եվրոպացի գործընկերները հաճելիորեն զարմացած էին, որ առաջին անգամ Եվրանեսթի աշխատանքների ներգրավված լինելով, հայկական պատվիրակությունը կառուցողական էր, լրագրողների հետ ճեպազրույցում՝ ամփոփելով Բրյուսելում «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ)» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության առաջին այցն, ասաց պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։
Հայրապետյանն ընդգծեց, որ մինչև վեհաժողովին մասնակցելը պատվիրակությունը քննարկել է, թե ինչ հարցեր է հայկական կողմը կարևորում բարձրաձայնելու համար։
Հայրապետյանը նաև նկատեց, որ հայկական պատվիրակությունը կարևորում է վեհաժողովում կառուցողական աշխատանքը, հատկապես՝ ադրբեջանցի գործընկերների հետ։
«Մեզ համար խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական, թեկուզ առանձին նկատվող նախահարձակ լինելու մարտավարությունը բացառապես ծրագրային մարտահրավերների շուրջ է լինելու։ Եվրոպացի մեր գործընրեկրների մոտ պատվիրակությունից ստացած առաջին տպավորությունը շատ դրական էր»,- ասաց նա։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական հանրակրթական դպրոցներում հայատյացության սերմանմանը՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են եվրոպացի գործընկերները պատկերացնում երկու երկրների ժողովուդրներին խաղաղության նախապատրաստելը, եթե ադրբեջանակն դպրոցներում երեխաներին որպես հայատյաց են մեծացնում։
«Իմ գործընկերներից մի քանիսը նշեցին, որ տեղյակ են խնդրին։ Ի պատիվ հայկական նախկին պատվիրակության՝ այս հարցը բազմիցս բարձրաձյնվել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ»,- ասաց նա։
Հայրապետյանը նաև նշեց, որ աշխատանքներից առաջ հանդիպել է 6-րդ գումարման ԱԺ-ում համանուն հայկական պատվիրակությունը ղեկավարած Արմեն Աշոտյանի հետ.
«Ինքս եմ նախաձեռնել հանդիպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման ԱԺ-ում Եվրանեսթի պատվիրակությունը Արմեն Աշոտյանն էր ղեկավարում։ Խոսել ենք ներքին խոհանոցային տարատեսակ հարցերից և այն մասին, թե ինչ հնարավոր հակահայ բանաձևեր կարող ենք ակնկալել 2019թ.-ի աշնանը սպասվող լիագումար նիստին ու հնարավոր ինչ հակամեխանիզմներ հայկական պատվիրակությունը պետք է ձեռնարկի», - ասաց Մ. Հայրապետյանը։