05/02/2019 14:52
Երևանը կարևորում է Վերին Լարսին այլընտրանքի ստեղծումը. որոշումը կարող է կայացվել փետրվարի 6-ին
Մոսկվան և Թբիլիսին ավարտել են մաքսային կարգավորման վերաբերյալ 2011 թվականի համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի համաձայնեցումը, գրել է «Կոմերսանտը»՝ հղում անելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրներին:
Համաձայնագրի իրականացումը ենթադրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռնափոխադրումների կազմակերպում, ինչից կարող է օգտվել նաև Հայաստանը: Այդ դեպքում Հայաստանը դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու երկրորդ՝ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ կստանա:
Եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը` Շվեյցարիայի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա փետրվարի 6-ին Ժնևում:
Երևանի դիրքորոշումն այս հարցում պարզելու համար Aysor.am-ը դիմել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ:
«Քանի դեռ պաշտոնական բանակցություններն ու կոմիտեի հանդիպումը չի մեկնարկել, և չկան պաշտոնական արդյունքներ՝ մենք դեռ զերծ կմնանք մեկնաբանություններից: Սակայն կարևորում ենք Վերին Լարսին այլընտրանքի ստեղծումը, ինչը դրական կազդի Հայաստանից դեպի միջազգային շուկաներ և հակառակ ուղղությամբ փոխադրումների վրա», - Aysor.am-ին ասաց փոխվարչապետ Տ.Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ռուս-վրացական համաձայնագրի մասին Երևանում խոսել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Մենք մտադիր ենք իրականացնել մեր պարտավորությունները: Շատ կարևոր է լինելու եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը», - ասել էր Գ.Կարասինը:
Նա, սակայն, նշել էր, որ տարածաշրջանում խնդիրներ կան, առկա են մի շարք պետությունների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ:
«Սա նուրբ հարց է, որը մենք կքննարկենք», - նշել էր Գ.Կարասինը: