05/02/2019 12:37
Իշխանությունը պետք է շատ վախենա լեգիտիմության բացարձակ անկումից. քաղաքագետ
Գործող իշխանությունն այսօր բարձր լեգիտիմություն ունի, սակայն պետք է գիտակցի, որ լեգիտիմությունն ու իշխանությունը հավերժ չեն։ Հասարակության հիասթափության ֆոնին իշխանությունը շուտափույթ հետևություններ պետք է անի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ չբացառելով, որ մինչև գարուն կարող է եղած լեգիտիմության ճիշտ կեսը մնա։
«Իշխանությունը պետք է շատ վախենա լեգիտիմության բացարձակ անկումից։ Եթե թույլ տվեցին, որ այպես շարունակվի, մայիսին չէ, թեկուզ սեպտեմբերին իրավիճակը նրանց դեմ է լինելու։ Իշխանությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռք առնել, ծրագրեր ներկայացնել, վերակառուցման դոկտրին մշակել և առաջարկել։ Գործող իշխանությունը չի կարող քնել, հետո վեր կենալ և ասել, որ լեգիտիմ է։ Պետք է հիշել, որ լեգիտիմությունը հավերժ չէ», - ասաց նա:
Լ.Շիրինյանի դիտարկմամբ, իշխող ուժը բարեփոխումների շուրջ առանձնապես մեծ մշակումներ չունի։
Հարցին՝ կկարողանա՞ արդյոք գործող իշխանությունը մինչև մայիս՝ կառավարման մեկ տարին լրանալը, լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ չեզոքացնելու հասարակության աճող հիասթափությունը, Լևոն Շիրինյանը պատասխանեց՝ չեզոքացնել դժվար է ասել, սակայն կասեցնել կարող է։
«Խնդիրն անկումը կանգնեցնելն է։ Վարչապետը կարող է մեկ շաբաթվա ընթացքում տնտեսական, քաղաքական և սոցիալական փոփոխությունների հետազոտական մի ամբողջ խումբ հավաքել և ժողովրդին ասել, որ ինքը բարեփոխումների ուղղությամբ աշխատում է։ Եթե ժողովուրդը տեսնի, որ իշխանությունը գործ է անում, կհավատա և հակառակը՝ «ստից» խոսքերին չի հավատա», - նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, Լևոն Շիրինյանի խոսքով, նրանք «վերակենդանանալու» որևէ հնարավորություն չունեն, իսկ ահա վնասներ կարող են հասցնել։ «Բայց որ նախկին իշխանությունը լեգիտիմություն ձեռք կբերի, բացառված է, դա հնարավոր բան չէ», - ամփոփեց քաղաքագետը։