05/02/2019 17:35
Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է ԱՀԿ-ի կանոնների խախտման համար
Միացյալ Նահանգները մեղադրել է Ռուսաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բազմաթիվ նորմերը պարբերաբար խախտելու մեջ, ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի՝ ԱՀԿ շրջանակներում Ռուսաստանի պարտավորությունների կատարման մասին հաշվետվության մեջ։
«Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ շուկաները բաց պահելու կանոնից Ռուսաստանի թափ հավաքող հեռացումը պատնեշներ է դնում ամերիկյան ապրանքների և ծառայությունների արտահանման ճանապարհին: Եթե ԱՄՆ-ն պարզի, որ Ռուսաստանը գործում է ԱՀԿ գծով իր պարտավորություններին անհամապատասխան, ապա կուսումնասիրի ու համապատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի հարցը լուծի և բաց պահի Ռուսաստանի շուկաներն ԱՄՆ արտահանման համար»,- ասված է փաստաթղթում։
Փաստաթղթի հեղինակները խոստովանում են, որ Մոսկվայի հետ երկկողմ շփումների կասեցումը՝ 2014 թ. Ուկրաինայի իրադարձություններից հետո, սահմանափակում է Վաշինգտոնի մտահոգություններն ուղղակիորեն քննարկելու հնարավորությունները։
«Ապրանքների ներկրումը Ռուսաստան բարդ խնդիր է մնում։ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Ռուսաստանի կողմից մաքսատուրքերի գծով պարտավորությունների կատարմանը, բայց, ըստ ամենայնի, մաքսային միջոցները չէ, որ առևտրի համար ամենամեծ խոչընդոտներն են ստեղծում»,- ասվում է փաստաթղթում։
Քննադատության են ենթարկվել արտադրության տեղայնացման կանոնները, որոշ հարկեր, ֆիտոսանիտարական վերահսկողության պահանջները։ Հեղինակները դժգոհում են նաև Ռուսաստանից արտահանման կանոններից։