05/02/2019 15:47
Որևէ մեկին, առավել ևս, Նիկոլ Փաշինյանին, չի հաջողվի վերահսկել մեդիան. Սաթիկ Սեյրանյան (Տեսանյութ)
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը համաձայն չէ այն պնդման հետ, թե Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ։
«Այդ խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանն է: Ես հակառակ տեսակետը կրողն եմ ու դրանք հիմնավորված են փաստերով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Ժուռնալիստների միության նախագահն ընդգծում է՝ որևէ մեկին, առավել ևս, Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի վերահսկել մեդիան։
Սաթիկ Սեյրանյանը նշում է ՝ մեդիաներն արհամարված են։
«Սոցիալական ցանցերը եղան առաջին տեղում՝ որպես միջոց ու հիմա իրենք են դժգոհում, որ սոցիալական ցանցերում գրառումները տեղ են գտնում կայքերում, պետք չէ զարմանալ, որովհետև դուք ինքներդ ասացիք՝ առաջին տեղում սոցիալական ցանցերն են՝ ուզում ենք «լայվ» ենք մտնում, ուզում ենք «լայվը» անջատում ենք, ուզում ենք ստատուս ենք գրում, հարցի ենք պատասխանում. մեդիաները ընդունեցին ձեր խաղի կանոնները», - նշում է Սաթիկ Սեյրանյանը։
Ժուռնալիստների միության նախագահը պնդում է՝ փետրվարի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցածը, երբ թույլ չէին տվել լուսաբանել «Իմ քայլը» խմբակցության նիստն ու լրագրողները ԱԺ-ի անցակետում ժամերով ստիպված էին եղել սպասել, դա ոչ միայն մամուլի, այլ, ընդհանրապես, հասարակության դեմ էր։
«Նախ՝ ի՞նչ է նշանակում Ազգային ժողովը դարձնել կուսակցական գրասենյակ, ի՞նչ է նշանակում փակ է. գնացեք ձեր կուսակցությունում խոսեք, ի՞նչ է նշանակում շաբաթ օր է, առավել ևս, շաբաթ օրը դուք ի՞նչ գործ ունեք այնտեղ։ Այո, ես սա համարում եմ լրագրողների խոսքի ազատության ոտնահարում», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։