05/02/2019 15:20
Նախորդ տարվա համեմատ բանջարեղենի ապրանքախմբում գրանցվել է 28.8% գնաճ
2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճով, տեղեկացնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։
Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.8%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնանկում:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.2-2.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:
2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 6.4% և 28.8% գնաճը:
Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.1% գնանկում, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ` 28.8% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.2%, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ` 6.4% գնաճ: