06/02/2019 13:22
Պարտք է կուտակվում, թե պարտք չի կուտակվում, հիմա քննարկվում է. «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն
Գազի սակագնի հետ կապված՝ «Գազպրոմ Արմենիայի» տեղեկատվական ծառայությունը հրապարակել է համապատասխան հաղորդագրություն, այդ հաղորդագրությունը դրված է պաշտոնական կայքում։ Դրանից զատ որևէ տեղեկատվություն այս պահին առկա չէ, հենց համապատասխան տեղեկատվություն լինի, կտեղեկանաք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են իրենք աշխատում, եթե համակարգում սակագինը չի բարձրացել, իսկ սահմանի վրա գազը թանկացել է։
«Պարտք է կուտակվում, թե պարտք չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, բոլոր այդ հարցերը հիմա քննարկվում են։ Բոլոր ուղղություններով քննարկումները շարունակվում են, որպեսզի մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը և մյուս կողմից չհանգեցնի ոչ ցանկալի արդյուքների։ Այս պահին որևէ արդյունք չեմ կարող ասել։ Քննարկումներ ընթանում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ներդրումային ծրագրի, կապիտալ նորոգումների, կորուստների», - ասաց նա։
Լրագրողները նաև հետաքրրքվեցին՝ եթե ֆինանսական առկա պայմանները շարունակվեն, ընկերությունը տարին վնասո՞վ կավարտի։ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ քանի դեռ քննարկումներն ավարտված չեն, կոնկրետ որևէ պատասխան չի կարող տալ։
Հարցին՝ իրենք այլևս բանակցային կո՞ղմ են համարվում, Միրումյանը ճշգրտեց՝ ոչ թե բանակցային կողմ, այլ քննարկումներում ներգրավված կողմ։
««Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները բավականին ակտիվ քննարկումներ են ունենում թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, թե Կառավարությունում, և թե էներգետիկայի ոլորտում լիազորված մարմիններում», - ասաց նա՝ հավելելով, որ քննարկումների համար նախանշված է 2 ամիս, սակայն չի բացառվում, որ դրանք ավելի երկար տևեն։