06/02/2019 15:13
Ընդդիմությունը չեկավ կոնսենսուսի և կիրառվեց համամասնության սկզբունքը. Լիլիթ Մակունցը՝ պատվիրակությունների ձևավորման մասին (Տեսանյութ)
Այսօր Ազգայն ժողովի խորհրդի նիստում վերջնականապես հաստատվեցին միջազգային խորհրդարաններում Հայաստանի պատվիրակության կազմերը, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ խորհրդի երեկվա նիստը հարթ չի անցել, և խմբակցությունների միջև տարաձայնություններ են առաջացել միջազգային կազմակերպություններում պատվիրակությունների կազմերի վերաբերյալ։
«Պատվիրակություններում ներգրավվածությունը հասկանալու համար որոշել էինք համամասնության ձևաչափը կիրառել։ Այդ համամասնության համաձայն, բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը պատվիրակություններում մեծամասնություն է կազմում ու ներկայացրել էինք դա խորհրդի նիստում։ Նաև առաջարկեցինք, որ բացի համամասնության սկզբունքը կիրառելը, պատվիրակություններում ունենանք ներկայացվածություն ընդդիմությունից։ Սակայն ընդդիմությունը չեկավ կոնսենսուսի ու այդ առաջարկը չընդունվեց»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Արդյունքում, ՆԱՏՕ-ի հայաստանյան պտվիրակությունում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր ներկայացված չի լինի, իսկ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։
«Մենք առաջարկեցինք, որ որոշ ժամանակով կիրառվի ռոտացիոն սկզբունքը, սակայն դա նույնպես չընդունվեց։ Մենք անպայման ցանկանում ու պնդում ենք, որ լինի համամասնության սկզբունքը, բայց միաժամանակ պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել առանձին հարցերում»,- նշեց Լ. Մակունցը։