06/02/2019 11:44
ԱԺ խորհրդի նիստը երեկ հարթ չի անցել և այսօր կշարունակվի
Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 5-ին, հարթ չի անցել։ Օրակարգային հարցերից է եղել խորհրդարանական պատվիրակությունների ձևավորումը, որի վերաբերյալ հարցին, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի» դեմ է քվեարկել։ ԱԺ խորհրդի նիստը, որը երեկ չի ավարտվել, շարունակվելու է նաև այսօր։
Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ, խորհրդարանական ուժերի միջև տարաձայնությունն առաջացել է այն պատճառով, որ խորհրդարանական մեծամասնությունը ձգտել է պատվիրակությունների կազմերի մեծ մասը ձևավորել «Իմ քայլը» խմբակցության անդամներով՝ պատճառաբանելով, որ «ժողովուրդը մեզ է ընտրել»։
Մասնավորապես, արդեն ձևավորված «Եվրանեսթում» հայկական պատվիրակության անդամներից 7-ը «Իմ քայլ»-ից են, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, իսկ 1-ը՝ «Լուսավոր Հայաստանից»։
Մյուս պատվիրակությունների կազմերը, ըստ երևույթին, կձևավորվեն նույն սկզբունքով, երբ որոշիչ կշիռ կունենա «Իմ քայլը» խմբակցությունը։