07/02/2019 18:48
Զարմանալի է, որ կառավարության ծրագրում հայ-թուրքական հարաբերություններին որևէ անդրադարձ չի կատարվել.Կիրո Մանոյան
Զարմանալի է, որ կառավարության ծրագրում հայ-թուրքական հարաբերություններին որևէ անդրադարձ չի կատարվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Հարցին՝ արդյոք համարժեք չէ՞ հայկական կողմի նման դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան այսօրվա դրությամբ զրո հետաքրքրություն է ներակայացնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին, Կիրո Մանոյանը պատասխանեց.
«Ոչ, որովհետև, եթե մենք չենք անդրադառնում, նշանակում է՝ մեզ համար էլ կարևորություն չունի։ Այդ դեպքում Թուրքիայի կեցվածքն արդարարցված կլինի։ Կստացվի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր չէ ոչ միայն իր, այլև Հայաստանի համար։
Ճիշտ է, մենք այս դեպքում զիջելու բան չունենք, բայց ճիշտ կլինի՝ միշտ պահանջենք, որ Թուրքիան ոչ թշնամական վերաբերմունք ցուցաբերի Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հարաբերություններ հաստատի, շրջափակումը վերացնի և այս ամենը՝ առանց որևէ նախապայմանի»,- ընդգծեց դաշնակցական գործիչը։
Կիրո Մանոյանը չցանկացավ թեմայի շուրջ այլ մեկնաբանություններ անել՝ տեղեկացնելով, որ ՀՅԴ-ն կառավարության ծրագրի մասին օրերս հանդես կգա առավել ընդգրկուն հայտարարությամբ։