07/02/2019 18:14
Ոչինչ չասող, ոչինչ չպարտավորեցնող ծրագիր է. Աղասի Ենոքյանը՝ կառավարության ծրագրի մասին
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ կառավարության ներկայացրած ծրագրում որևէ հեղափոխական բան չկա։
«Բավականին թույլ ծրագիր էր։ Երբ ասում են, որ սա լինելու է հեղափոխության երկրորդ փուլը, այդտեղ ոչ մի հեղափոխական բան չկար: Ամեն ինչ այն է, ինչ սովորաբար գրվում է ծրագրերում, պարզապես ավելի թույլ, ավելի անհստակ ձևակերպումներով: Սա վերաբերում է ամբողջ ծրագրին, թվային կրիտերիաներ չկային, որպեսզի հետագայում դա իրենց համար ուղենիշ լիներ և տեսնեինք, կառավարության ծրագիրը կատարվե՞լ է, թե՞ ոչ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղասի Ենոքյանը։
Ինչ վերաբերում է առանձին երկրների հետ հարաբերություններին, Ենոքյանն նշեց.
«Եթե հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, թե չպետք է բացառենք, որ կարող է սահմաններն էլ փակվեն, ապա զարմանալի են ծրագրի այն կետերը, որոնք վերաբերում են Իրանին, Վրաստանին: Եթե Իրանի հետ հարաբերությունների նշաձող ես բարձրացնում, ապա պետք է դնես կոնկրետ քայլեր: Տեսնենք, ինչպես են դա զարգացնելու, որովհետև Իրանի հաշվով հիմա գնում է բավականին լուրջ միջազգային ճնշում, և ես չեմ պատկերացնում, թե Հայաստանն ինչպես է կարողանալու խուսանավել այս ճնշման մեջ։ Գիտենք, որ Իրանի հետ հարաբերությունները զուտ երկկողմ հարաբերություններ չեն, այնտեղ մի շարք հարցեր կապված են նաև Արցախի անվտանգության բաղադրիչի հետ»։
Աղասի Ենոքյանը մտահոգիչ է համարում Արցախի հարցի վերաբերյալ կառավարության ծրագրում տեղ գտած հետևյալ դրույթը։
«Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը»։
«Մենք համարում ենք, որ կարգավիճակն անվտանգության ամենահզոր բաղադրիչն է և մինչև հիմա, ըստ էության, բանակցությունները դրա շուրջ են ընթացել: Եվ հիմա, եթե կողքից ավելացնում են անվտանգությունը, դա նշանակում է, որ ինչ-որ այլընտրանքներ են մտածում Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Այնինչ, անվտանգության միակ երաշխիք մենք տեսնում ենք Արցախի միջազգային ճանաչումը և միջազգային անվտանգության երաշխիքները: Եթե կողքից գրում են անվտանգության այլ բաղադրիչների մասին, ենթադրվում է, որ կառավարությունը կարող է այնպիսի քաղաքականություն վարել, որ Արցախի ճանաչումը չլինի առանց երկընտրանքի»,- ասաց քաղաքագետը։
Ամփոփելով, Աղասի Ենոքյանն նշեց, որ ծրագիրը բավականին թույլ, ոչինչ չասող ու ոչինչ չպարտավորեցնող ծրագիր է.
«Սա նշանակում է, որ կառավարությունն, ըստ էության, կոնկրետ պարտավորություններ չի վերցնում իր վրա, որպեսզի հետագայում հաշվետու լինի իր վերցրած պարտավորությունների համար»։
Այսուհանդերձ, Ենոքյանը կարծում է, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը միանշանակ կընդունվի, քանի որ օրենսդիր մարմնում գործադիր մարմինն ունի հարյուր տոկոսանոց օժանդակություն։