07/02/2019 14:56
Պետք է ծրագիրը գրողներին հարցնել՝ ի՞նչ է նշանակում «կոռուպցիան պետք է արժանանա հանրային լայն արգահատանքի» ձևակերպումը. Նիկոլայ Բաղդասարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կառավարության գործունեության ծրագրում չի նկատել «անցումային արդարադատություն» եզրույթը և պատրաստվում է դրա ու այլ խնդիրների հետ կապված հարցադրումներ ուղղել վարչապետին։
«Նաև չեմ հասկացել՝ փորձու՞մ են ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, թե՞ գործող մարմիններով կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Ես կարծում եմ, որ նոր մարմինների ստեղծման կարիք չկա, պետք է գործող մարմիններով պայքարել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաղդասարյանը։
Իշխանական խմբակցության պատգամավորի խոսքով, իր համար անհասկանալի է նաև կառավարության գործունեության ծրագրում տեղ գտած ձևակերպումը՝ «Կոռուպցիան պետք է արժանանա հանրային լայն արգահատանքի»:
Հարցին, թե դա ինչպե՞ս կբացատրի, նա պատասխանեց՝ «պետք է ծրագիրը գրողներին հարցնել»: