07/02/2019 14:48
«Անցումային արդարադատություն» եզրույթը ծրագրում չի օգտագործվում, սակայն դրա վերաբերյալ որոշակի նշումներ կան. Վլադիմիր Վարդանյան
Ապագային միտված ծրագիր է, կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բնորոշեց ՀՀ ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով, ծրագրում ներառված են Հայաստանի արտաքին և ներքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը:
«Կառավարության ծրագիրը հայեցակարգային փաստաթուղթ է, այն չի կարող ներառել բոլոր ընթացակարգերը: Իմ կարծիքով, դրանում քննարկված են ներքին և արտաքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը: Կան որոշակի հարցեր, որոնք ևս լավ կլիներ, որ տեղ գտնեին, սակայն կառավարությունը, գուցե, փոձի դա իրականացնել հետագայում աշխատանքային կարգով»,- ասաց Վարդանյանը:
Մասնավորապես, նրա խոսքով, «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունում, Սահմանադրությունում փոփոխություններ, անցումային արդարադատություն, որոնք եղել են «Իմ քայլը» դաշինքի ծրագրում, սակայն կառավարության գործունեության ծրագրի նախագծում չկան:
Վարդանյանի խոսքով, թեև «անցումային արդարադատություն» եզրույթը ծրագրում չի օգտագործվում, սակայն դրա վերաբերյալ որոշակի նշումներ կան:
«Բազում հատվածներ կան, որոնցում խոսվում է իշխանությունների թևերի միջև բալանսի մասին, բայց ես ձեզ ասեմ, որ կառավարության փաստաթուղթը չի կարող լինել ծրագիր ամեն ինչի մասին։ Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ կառավարությունից զատ, Ազգային ժողովն էլ ունի իր օրակարգը և անելիքները։ Սա ապագային միտված լավ ծրագիր է»,- ասաց իշխանական խմբակցության պատգամավորը։