08/02/2019 16:20
Հայ-վրացական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ կան. Արարատ Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խորը արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ կան:
Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը, անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունը, փոխայցերն ու փորձի փոխանակումը:
Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ հայ եւ վրացի խորհրդարանականներն իրենց ներդրումը կունենան երկկողմ բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման գործում:
Կողմերը երկուստեք անհրաժեշտ են համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի մակարդակում, այլեւ միջազգային խորհրդարանական կառույցներում:
Զրուցակիցները, անդրադառնալով հայ-վրացական կապերի առավել խորացմանն ու սերտացմանը, վստահություն են հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններով պայմանավորված` խորհրդարանական երկխոսությունն ամուր հիմք կլինի համագործակցության առավել ամրապնդման համար: