08/02/2019 12:30
Թռիչքաձև զարգացումը բացառվում է, կառավարության ծրագրում տնտեսական հեղափոխության որևէ էլեմենտ հստակ չի նշմարվում. Արմեն Գրիգորյան
Կառավարության ծրագրերը առհասարակ պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի չափել սպասելիքները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։
- Պարոն Գրիգորյան, խնդրում եմ Ձեր գնահատականը կառավարության ներկայացրած ծրագրի տնտեսական բլոկի վերաբերյալ:
- Կառավարության ծրագրերը, առհասարակ, պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի չափել սպասելիքները, պետք է ներառված լինեն չափելի գործիքներ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ու ակնկալվող արդյունքների համար: Ավելի պարզ լինելու համար փորձեմ ներկայացնել օրինակներով: Օրինակ՝ ծրագրի 4.2 կետը վերաբերում է աղքատության հաղթահարմանը՝ որպես սկզբունք կիրառելով հավասար հնարավորություններն ու աշխատանքի քաջալերումը: Մինչդեռ հաջորդ պարբերությամբ նախատեսվում է պահպանել կուտակային բաղադրիչը, դրանով իսկ հանրությանը բաժանելով երկու մասի՝ համակարգին մաս կազմողների և չկազմողների: Աղքատության հաղթահարումը բացառապես պետք է չափվի նվազագույն կենսապահովման զամբյուղի և նվազագույն կենսապահովման բյուջեի հետ, իսկ ծրագրում այդ գործիքը բացակայում է:
Գիտեք, կարելի է ամեն պարբերության մեջ գրել, քաղաքացու արժանապատիվ կյանքի ու աշխատանքի հնարավորության մասին նախադասությունը, առանց հստակ ուղենիշերի և գործիքակազմի, որը թեև հաճելի է լսել, բայց իրականում դա մասնագիտական բազմաշերտ ուսումնասիրության լուծումներ պետք է պարունակեր: Տնտեսական բլոկն ամբողջությամբ համեմված է նեոլիբերալ մոտեցումներով, որտեղ պետության դերակատարումը ավարտվում է դաշտը պարզեցնելու գործառույթով:
- Վերջին շրջանում իշխանությունները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում տնտեսական հեղափոխության մասին: Արդյոք առաջիկա հինգ տարվա համար ներկայացված ծրագիրը կարո՞ղ է ապահովել խոստացված թռիչքաձև զարգացումը և տնտեսական հեղափոխությունը:
- Սկզբից ասեմ, որ տնտեսական հեղափոխության որևէ էլեմենտ հստակ չի նշմարվում:
Տնտեսական հեղափոխությունը կլիներ, եթե ծրագրում հստակ գրված լիներ. սիրելի ժողովուրդ, մենք այս տարի արմատապես փոխելու ենք տրանսպորտի տրամաբանությունը և ներդնելու ենք ա՛յ այս համակարգը ու տրվեր հիմնավոր բացատրություն, կամ չորս տարի հետո ստեղծելու ենք ազգային ավիափոխադրող, կամ ներդնելու ենք գյուղատնտեսական այնպիսի համակարգ, որտեղ չեն գործի բիզնեսի կանոնները և ուժեղները չեն կործանի թույլերին:
Օրինակները շատ են, բայց թվացյալ փոփոխությունները անհայտ ժամկետներում և անհայտ չափի սպասելիքներով չի կարելի անվանել հեղափոխական: Վարչապետը թեպետ ասել է դրա անհրաժեշտության մասին, բայց տնտեսական բլոկի պատասխանատուները պարտավոր էին պատշաճ ձևով ներկայացնեին և հստակեցնեին, որտեղից էլ պարզ կլիներ, ուզում են իրականացնել այդ թեզի տրամաբանությունը, թե ոչ:
Թռիչքաձև զարգացում բացառվում է. ծրագրում հստակ գրված է, որ ուղղակի հարկերը նվազեցվելու են (եկամտային հարկ և շահութահարկ), փոխարենը ավելացվելու են անուղղակի հարկերը (ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ), սա նշանակում է, որ որոշ ապրանքատեսակներ և ծառայություններ կթանկանան ինչն էլ անհետևանք չի մնա և լուրջ սոցիալական խնդիր կառաջացնի հասարակության որոշ շերտերի վրա: Կունենանք կարճաժամկետ և անարդյունավետ էֆեկտ, մարդը կստանա 3% եկամտային հարկի չափով շատ գումար, բայց ձեռք կբերի մի քանի անգամ ավելի թանկ ապրանք: Սա կսրի սոցիալական բևեռացումն ու վիճակը:
Ծրագրում արտահանման խրախուսմանը անդրադարձ է եղել, ինչը շատ լավ է, բայց չկա արտահանում-ներմուծում հարաբերակցության մասին, առհասարակ ներմուծում բառը կարծես թե բացակայում է, որպես տնտեսական գործոն:
- Իսկ նշված առաջնահերթություններում նորություն նկատեցի՞ք: Ի՞նչ դրույթ կամ առաջնահերթություն կար նախանշված այս ծրագրում, որ չկային նախորդ կառավարությունների ծրագրերում:
- Առաջնահերթություններ որպես այդպիսին չկան, նկատի ունեմ, որ չկա որևէ ոլորտ որին նախապատվություն է տված: Ծրագիրը բացի նրանից որ չունի չափիչներ, ժամկետներ, զուրկ է գործիքներից, մի բան էլ ավելի նեոլիբերալ մոտեցումներ ունի: 5-րդ գլուխը սկսվում է, ինչպես բոլոր նախորդ կառավարությունների ծրագրերում, համախառն ազգային արդյունքի ձևավորման մասին անհրաժեշտությամբ, այս անգամ հպանցիկ, մեկ տողով գրվել է արդյունքների հավասար բաշխման մասին, որտեղ նորից բացակայում է այն գործիքներ, որը պիտի դա ապահովեր: Կարծում եմ արդյունքների արդար բաշխումը պետք է արտացոլվեր և կարմիր թելի նման անցներ ամբողջ ծրագրով, քանի որ հարնրության բարիքներից ավելի շատ օգտվողը ավելի շատ պարտականություն ունի հանրության առաջ: Կոռուպցիայի դեմ պայքարը իհարկե ողջունելի է, բայց դա բավարար չի կարող հանդիսանալ աղքատության հաղթահարման համար: Հստակ կոնցեպցիաներ են պետք: Ընդհանուր առմամբ կառավարության ծրագրի տնտեսական բլոկից սպասելիքներ չունեմ, քանի որ նմանեցնում եմ բարի ցանկությունների մասին շարադրության: