08/02/2019 12:25
Տնտեսական աճի հիմքը ներդրումներն են. կառավարությունն ամեն ինչ անելու է, որ խոսենք ավելի բարձր աճի մասին. նախարար (Տեսանյութ)
Տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսական կյանքի մասնակիցները, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրանն Խաչատրյանը։
«Կառավարությունն այդ մեծ խաղի կարևոր կազմակերպիչն ու մասնակիցն է ու պարտավոր է անել այնպես, որ տնտեսվարող սուբյեկտների նախագծերը կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրում երկու կարևոր ցուցանիշ կա։
«Կառավարությունը հայտարարել էր, որ տնտեսական աճի շարժիչը կամ ուղղորդողը լինլու է ապրանքի արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքները արտերկրյա շուկաներում իրացնելու հնարավորությունը։ Ունենք 38 տոկոսի չափ արտահանում, հայտարարվել է, որ դրանց կշիռը կհասնի 43 տոկոսի», - ասաց նա։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ մյուս կարևոր ցուցանիշը ներդրումների զուտ աճն է։
«Այդ ցուցանիշը 2023 թվականին պետք է հասնի 23-25 տոկոս մակարդակի», - ասաց նախարարը։
Նա ասաց, թե իրեց ցանկությունն է, որ ապահովվի այնպիսի պայմաններ, որ տնտեսական աճը լինի էապես բարձր։
«Բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք, իսկ հիմքը ներդրումներն են, եթե կառավարությանը հաջողվի, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դա տեղի ունենա, ապա վստահ եղեք, որ մենք խոսելու ենք ավելի բարձր աճի մասին», - ասաց Տ. Խաչատրյանը։
Նախարարը համաձայն չէ այն դիտարկումների հետ, ըստ որի՝ կառավարության ծրագիրը «բաժակաճառերի ծրագիր է»։
«Սկզբունքորեն համաձայն չեմ, ովքեր այդպիսի որակումներ են տալիս, կարծում եմ, բավականաչափ ուշադիր չեն կարդացել ծրագիրը», - նշեց Տիգրան Խաչատրյանը։