08/02/2019 18:47
Պետական կառավարման համակարգում կացնային լուծումներ տալ չի կարելի. փորձագետ
Պետական մարմինների թվաքանակի կացնային կրճատումը դեռ հարցի լուծում չէ և ոչ էլ երաշխիք, որ կառավարումն այսուհետ առավել արդյունավետ է իրականացվելու, Aysor.am-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս հայտնում է, որ ՀՀ-ում այսուհետ կգործի 12 նախարարություն։
«Որպեսզի խոսենք արդյունավետության մասին, նախ պետք է ուսումնասիրություն կատարենք, հասկանանք տվյալ նախարարության խնդիրները, արդյոք հնարավո՞ր է դրանք լուծել ապարատի կամ կոնկրետ կառուցվածքի միջոցով, թե այդ կառուցվածքի՝ ավելի փոքր ներկայացվածության միջոցով։ Նախ պետք է այս խնդիրների ուսումնասիրությունն անել և հասկանալ՝ արդյոք գործող կառուցվա՞ծքն է մեղավոր, որ խնդիրները ոչ արդյունավետ են լուծվում։ Այս ուսումնասիրության բացակայությունն է, որ կառավարությանը ստիպում է կառավարման մասնագետներին ասել՝ նախարարությունների թվաքանակի կրճատումը կամ օպտիմալացումն իրենց հիմքում նման ուսումնասիրություններ չունեն»,- նկատեց Սերոբ Անտինյանը։
Կառավարման փորձագետի խոսքով, կառավարման հանդեպ կա մեծ անվստահություն, որը ձևավորվել է դեռ նախկին իշխանությունների օրոք։ Այն, որ պետական համակարգն անարդյունավետ է գործել, ըստ նրա, ակնհայտ է։
Սերոբ Անտինյանը, որպես կառավարման փորձագետ, պնդեց, որ Հայաստանում պետական համակարգը մեծ է, սակայն բնականոն վիճակի անցումը պետք է լինի անցնցում և սահուն։
«Պետական համակարգը պետք է ֆունկցիոնալ առումով բեռնաթափվի, գործառույթները պետությունից աստիճանաբար պետք է պատվիրակվեն մասնավոր սեկտոր, որից հետո տեղի ունենան ինստիտուցոնալ լուծումներ։
Հարկ է պարզել՝ որտե՞ղ են կրկնվում գործառույթները, ո՞ր գերատեսչություններում է, որ այս կամ այն գործառույթի իրականացման համար անհրաժեշտ է 10 աշխատակից, մինդեռ աշխատում է 15-20 մարդ։ Այս հարցերին մոտենալ աչքաչափով և տալ կացնային լուծումներ, չի կարելի»,- ամփոփեց կառավարման փորձագետը։
Հիշեցնենք, որ այս պահին գործող նախարարությունների թիվը 17-ն է։