08/02/2019 19:21
Կառավարության ծրագիրն այդ բովանդակությամբ չի հավակնում իրականացնել տնտեսական հեղափոխություն. Գևորգ Պետրոսյան
Կառավարության ներկայացրած ծրագրի և կառավարության կառուցվածքի քննարկումների ավարտի մասին Aysor.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:
- Պարոն Պետրոսյան, այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ծրագրով ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը: Ծրագրից ստացած Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է, համաձա՞յն եք պնդման հետ:
- Արդեն առիթ եմ ունեցել ասել, որ, օրինակ, աշխատավարձերի, նպաստների կոնկրետ չափերի ժամանակի և տարածության մեջ որոշակի դրույթներ նշված չեն: Ասվում է, որ կառավարությունը հաստատակամ է վերացնել աղքատությունը, բայց սա չպիտի լինի հաստատակամության առարկա, դա պիտի լինի պարտավորության առարկա, որովհետև եթե դու արդեն գործող կառավարություն ես արդեն ժողովրդի հանդեպ ոչ թե ընդհամենը խոստումներով պիտի հանդես գաս, այլ պարտավորություններ ստանձնես:
Կառավարության ծրագրում, իմ խորին համոզմամբ, պետք է գերակայեն կառավարության պարտավորությունները ժողովրդի նկատմամբ: Եվ եթե նոր կառավարությունը նախկինների նման ընդհամենը ճոխ խոստումներ պիտի տա, հետո էլ չիրականացնելու դեպքում իրեն ապահովագրի, որ դա ընդհամենը եղել է խոստում, ոչ թե պարտավորություն, ուրեմն լրջագույն կասկածի տակ կդրվի այդ կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության պաշարը: Ճիշտ է, ծրագիրը պետք է նաև ունենա խոստումների մաս, բայց շեշտը դրանց վրա պիտի չդրվի, այլ ժողովրդի քվեն ստացած կառավարությունը պետք է վարձահատույց լինի այդ քվեի համար:
Բոլոր քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի ժամանակ, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքը, հենվում էին «վստահիր և պահանջիր» կարգախոսի վրա, հիմա ժողովուրդը վստահել է, հետևաբար ձեռք է բերել նաև պահանջելու իրավունքը: Այդ ծրագիրն այդ բովանդակությամբ չի հավակնում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Ցանկությունը կա, բայց պետք էր մասնագիտական ճիշտ վերլուծություններ ու չափելի դրույթներ դրվեին:
- Ծրագրում ասվում է, որ կոռուպիոն ցանկացած դրսևորում լայն քննադատության պիտի արժանան, իսկ ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները պետք է արժանանան արհամարհանքի և դատապարտման: Շատերը քննադատեցին այդ պնդումը՝ նշելով, որ արհամարհանքով հնարավոր չէ վերացնել կոռուպցիան: Ի՞նչ կասեք այս մասով:
- Օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ այս ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ցանկությունը տեսանելի է և անվիճելի, բայց կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լայնածավալ բնույթ ունենալ, եթե երկրում չկան հարուստ մարդիկ, եթե երկրում հարստություն չկա: Լավ, ասեն մեկ հոգու բռնեցին, երկու հոգու կալանավորեցին, բայց ի վերջո այդ երկրի ունեցվածքը կենտրոնացված է շատ քիչ մարդկանց ձեռքում, նրանց բացահայտելուց հետո այլևս ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար: Մեր բնակչության 70-80 տոկոսն աղքատ է, այդ պայքարը վերաբերում է հասարակության միայն մի՞ շերտին:
Ես էլ որպես ՀՀ քաղացի՝ ուրախ կլինեմ, որ բոլորը ենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց միայն ասել, որ այս կառավարության արժանիքը, առաքելությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, ճիշտ չէ, որովհետև չի կարելի այսպիսի կառավարությունը համարել կայուն հաստատուն, դա չի կարող արդարացնել ժողովրդի հույսերը: Ի վերջո, այդ ժողովուրդը կառավարությունը ձևավորել է ոչ միայն մի քանի մարդու դեմ պայքարելու համար, այլև իր կյանքը բարելավելու:
Ասենք 18-20 հոգու դատապարտեցին, դրանով Հայաստանի խնդիրները լուծեցի՞ն: Ես թվերով կցանկանայի տեսնել, թե դատապարտված, կալանավորված անձից պետությունն իսկապես բռնագանձել է իրենից խլվածը և դա ուղղել է սոցիալական խնդիրներին, թե չէ այսօր մեկին կալանավորեցին, վաղը մյուսին, սրանք րոպեական հաճույք պատճառող ակցիաներ են, որոնք մի քանի օր հետո կորցնում են իրենց նշանակությունը: Եթե դրանց արդյունքում պետբյուջե վերականգված գումարները չեն ուղղվում սոցիալական հարցերի լուծմանը, երկրի տնտեսական հզորացմանը, կոռուպցիայի դեմ պայքարը կարճաժամկետ էֆեկտ է:
- Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ արդեն ավարատված են կառավարության կառուցվածքի մասին քննարկումները՝ համաձայն որի կլինեն 12 նախարարություններ, իսկ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ինչպե՞ս եք գնահատում կառավարության այսպիսի կառուցվածքը:
- Եթե իսկապես որոշվել է 12 նախարարություն թողնել, լիահույս եմ, որ այդ հաշվարկը սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու կամ Սյուռքի հետ կապերը վնասելու կամ էլ մշակութային քաղաքականությունը կործանելու հաշվին չի լինելու: Ցանկալի է ունենալ նախարարություն, բայց եթե անգամ այն չենք ունենում ու կառավարությունն այնպիսի խելամիտ լուծումներ է տալիս, որ դրանից օրինակ սփյուռքի հետ կապերը չտուժեն՝ խնդրեմ, ես անձամբ կարող եմ կողմ լինել: Երբ նախագիծը լինի մեր տրամադրության տակ, ավելի առարկայական դատողություններ կանենք: